Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակներում գործարկվող «Հանուն Հայաստանի երիտասարդության շրջանում արմատականացման, այլատյացության և ատելության խոսքի հաղթահարման» ծրագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը հունիսի 28-ին անցկացրեց համանուն համաժողովը:
«Հեղափոխությունից հետո մենք տեսանք այն վտանգը, որ Հայաստանում, ցավոք սրտի, էապես ավելացել են ատելության խոսքի ծավալները: Մենք մատնանշեցինք չորս հիմնական ուղղություն, որոնց ուղղությամբ պետք է փորձեինք հասկանալ պատճառները և ծավալները ատելության խոսքի ու քարոզի: Նկատելի էր, որ այդ խոսքը աճել է քաղաքական ոլորտում, բայց նաև ատելության խոսքի աճ է գրանցվել նաև սեռական փոքրամասնությունների հանդեպ, որն էլի կապված էր որոշ քաղաքական ուժերի նպատակադրումների հետ: Ատելության խոսք կա նաև կրոնական ոլորտում, էթնիկ մշակութային ոլորտում»-ասաց ծրագրի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը: Նա նշեց, որ այս ամենի արդյունքում գրանցվում են բռնության, նույնսիկ սպանության դեպքեր:
ԿԵՀ ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիաի նախագահ Կարեն Զադոյանը կարևորեց ծրագրի շրջանակներում կատարված հետազոտական աշխատանքները, ինչպեսև այն առաջարկությունները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ազդել հանրային քաղաքականությունների վրա: «Վստահ ենք, որ այս համաժողովի արդյունքների ամփոփումից հետո առաջարկներն ավելի համակարգված ձևով կներկայացվեն և հանրությանը, և իրավասու պատկան մարմիններին, և համախոհության արդյունքում հնարավոր է նաև հաղթահարել այս խնդիրները: Իհարկե շատ դժվար է, բայց այդ հաղթահարման ջանքերը պետք է համատեղել և սկսել հենց այսօրվանից»,-նշեց Կարեն Զադոյանը:
Նշենք, որ ծրագրի շրջանակներում մոնիթորինգի են ենթարկվել հայկական լրատվամիջոցները և սոցցանցերը՝ պարզելու, թե ատելության խոսք պարունակող ինչպիսի նյութեր են հրապարակվել:
Որպես թիրախային խումբ՝ դիտարկվել են սոցցանցերում մեկնաբանություններ կատարած 15-ից 30 տարեկան երիտասարդները: Ժամանակագրական առումով ընտրվել է 2018 թվականի հունիսից 2019-ի ապրիլն ընկած ժամանակահատվածը:
Ծրագրի փորձագետ Թամար Գևորգյանը ներկայացրեց կատարված ուսումնասիրության արդյունքները: