Commitment to Constructive Dialogue

Զեկույց 2018-2019 թվականներին իրավապաշտպանների նկատմամբ իրականացված հետապնդումների և իրավախախտումների մասին

Վերջին տարիներին Հայաստանում իրականացված ուսումնասիրությունները և հետազոտությունները մշտապես արձանագրել են մարդու իրավունքների ոտնահարումներ՝ ներառյալ իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձանց և կազմակերպությունների իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր։ Չնայած 2018թ․ ապրիլին Հայաստանում գրանցված շրջադարձային փոփոխություններին՝ իրավապաշտպանների իրավունքների ապահովման խնդիրը շարունակում է արդիական մնալ թե օրենսդրական և թե իրավապահ գործունեության իրականացման մակարդակում։
2018թ․ իրավապաշտպանները Հայաստանում բազմիցս բախվել են հասարակության բացասական հակազդեցությանը, նրանց հանդեպ հնչել են տարաբնույթ վիրավորանքներ և սպառնալիքներ, տարածվել է կեղծ տեղեկատվություն։ Քաղաքական զարգացումների արդյունքում իրավապաշտպանները հաճախ հայտնվել են հասարակության մեջ քաղաքական այս կամ այն ուժի նկատմամբ հակակրանք սերմանելու նպատակ հետապնդող տարատեսակ մանիպուլյացիաների կենտրոնում, ինչի արդյունքում հասարակության տարբեր խմբերի կողմից որակվել են որպես դավաճան և աշխարհաքաղաքական տարբեր շահերին սպասարկող։
Իրավապաշտպաններից ոմանք ենթարկվել են նաև ֆիզիկական բռնության։
Օրենսդրական բացերի և իրավապահ մարմինների ենթադրյալ անգործության պատճառով իրավապաշտպանների իրավունքների խախտումների վերաբերյալ դիմումները երբեմն մերժվել են՝ նպաստելով անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը և նպանատիպ իրավախախտումների շարունակականությանը։
Այնինչ Հայաստանի Հանրապետությունը, ստորագրելով ՄԱԿ-ի «Իրավապաշտպանների մասին հռչակագիրը», առաջնային պարտավորություն և պարտականություն է ստանձնել ոչ միայն պաշտպանել, աջակցել և իրականացնել մարդու բոլոր իրավունքները և հիմնարար ազատությունները, այլև ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ նպաստելու իրավապաշտպան անհատների, խմբերի և ընկերակցությունների գործունեության իրականացմանը։
Սույն զեկույցի նպատակն է արձանագրել ՀՀ-ում 2018-2019 թվականներին իրավապաշտպանություն իրականացրած անձանց իրավունքների խախտման դեպքեր և ուսումնասիրել դրանց հետագա ընթացքը, վերլուծել համապատասխան իրավապահների և այլ իրավասու մարմինների կողմից իրականացված գործողությունները կամ ցուցաբերած անգործությունը։ Վերհանված օրինաչափությունների և հիմնական խնդիրների հիման վրա զեկույցում ներկայացվել են ՀՀ Կառավարությանը և այլ իրավասու մարմիններին ուղղված առաջարկներ։