Զեկույցը կազմվել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ հրապարակումների, քննությունների արդյունքների, դատական գործերի, քաղաքացիների կարծիքների եւ դիմումների հիման վրա։
Հիմնական նպատակը՝ վերհանել այն խնդիրները, որոնց հաղթահարումը՝ քաղաքական կամքի առկայության դեպքում, կարող է բերել կտրուկ փոփոխությունների ՀՀ բանակում մարդու իրավունքների բնագավառում։
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն տեսնում է իր գլխավոր առաքելությունը մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարը՝ լուսաբանման, խնդիրների վերհանման միջոցով։ Կազմակերպությունը իր forrights.am կայքի միջոցով ներկայացնում է իրավունքների խախտման կոնկրետ, իրական դեպքեր, փորձում է հասցնել այն պաշտոնյաներին եւ հրամանատարությանը՝ հետեւելով գործերի ընթացքին եւ տեղեկացնելով դրական կամ բացասական լուծումների մասին։
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն իր կատարած փաստահավաք աշխատանքի արդյունքում հանրությանը ներկայացնում էր ՀՀ զինված ուժերում խաղաղ պայմաններում տեղի ունեցող զինծառայողների մահվան դեպքերի մանրամասները: Հրատապ այցերը Հայաստանի տարբեր մարզերում մահացած զինծառայողների ընտանիքներին շատ դեպքերում օգնում են բացահայտել մահվան բուն պատճառները, ինչը զգաստացնում է քննչական մարմիններին:
Հարյուրավոր մարդիկ՝ զինվորներ, ծնողներ, դիմում են կազմակերպությանը, տեսնելով, որ ուրիշների խնդիրները հնարավոր է եղել լուծել լուսաբանման միջոցով, որ կարելի է այդկերպ կանխել խախտումների շարունակությունը։ Այդ պատճառով երբեմն հնչում են մեղադրանքներ առ այն, որ կայքում ներկայացված նյութերից կարելի է եզրակացնել, իբր բանակում ամեն ինչ վատ է, համատարած բռնություն է, անպատժելիություն եւ այլն։ Ակնհայտ է, որ ամեն ինչ այդքան միանշանակ չէ, եւ հազարավոր զինվորներ համեմատաբար հանգիստ ծառայում են։ Սակայն առանձին դեպքերի լուսաբանումը թույլ է տալիս թիրախավորել խնդիրները եւ լուծումներ որոնել։
Բանակում տեղի ունեցած բռնություների զոհերի ճակատագրի, նրանց ու նրանց հարազատների իրավունքների պաշտպանությունը սկզբում ընկալվեց ոչ ադեկվատ կերպով: Համակարգն անցավ «խուլ և շրջանաձև պաշտպանության»` զուգահեռաբար կիրառելով «արտագրոհների» մարտավարությունը:
Հատկապես 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո քայլեր են ձեռնարկվում հարաբերությունների հիմքը բանակում փոխելու ուղղությամբ, այնպիսի մեխանիզմների ներդրման, որոնք զինվորներին թույլ կտան պաշտպանել իրենց իրավունքները։ Սակայն փոփոխությունները դեռ չեն հասել հիմքին, եւ արատավոր երեւույթները շարունակվում են՝ եւ՛ մահվան դեպքերը թաքցնելը, եւ՛ անպատիժ բռնությունները, եւ՛ քրեական գործերի ապարդյուն քննությունը։
Առ այսօր յուրաքանչյուր զինվոր կարող է զոհ դառնալ այն արատավոր երեւույթների, որոնց մասին ահազանգում է կազմակերպությունը եւ որի հիման վրա կազմվել է սույն զեկույցը։
Առանձացրել ենք մի շարք հանգուցային երեւույթներ, որոնց արմատներն անհրաժեշտ է գտնել եւ ուղղել։