Commitment to Constructive Dialogue

Հաշմանդամություն ունեցող երեխաների համար Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Ալավերդի քաղաքներում գործող համայնքային աջակցության կենտրոնների գործունեության վերլուծություն, եզրակացություններ ևառաջարկություններ

Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին զգալի առաջընթաց է արձանագրվել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում, սակայն իրականացված հետազոտության արդյունքները փաստում են, որ հաշմանդամություն ունեցող երեխաները լուրջ խոչընդոտների են հանդիպում կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայություններից օգտվելու հարցում:

Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված օրենսդրական դաշտը հիմնված է ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության որոշումների, իրավական այլ ակտերի և Ազգային Ժողովում վավերացված միջազգային համաձայնագրերի և կոնվենցիաների վրա:

Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ «յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք»: Բարձրագույն իրավաբանական ուժով օժտված Սահմանադրությունում ամրագրված է հաշմանդամների սոցիալական ապահովության իրավունքը:

 1993 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի Հանրապետությունը ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ոլորտը կանոնակարգող օրենք: «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը uահմանում է «հաշմանդամների uոցիալական պաշտպանության իրավական, տնտեuական ու կազմակերպական հիմունքները, հաշմանդամներին հանրապետության մյուu քաղաքացիների հետ համահավաuար հնարավորություններ ապահովելու նպատակով նրանց իրավունքների և ընդունակությունների իրականացման համար առավել բարենպաuտ պայմանների և արտոնությունների տրամադրման պետական քաղաքականության հիմնադրույթները»:

2014 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծումը և իրավահարաբերությունները կարգավորվում են նաև մի շարք այլ իրավական ակտերով:

Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան 2010 թվականին: Վավերացնելով կոնվենցիան` Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել սատարել, պաշտպանել և ապահովել հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց մարդկային իրավունքների և հիմնարար ազատությունների լիակատար և հավասար իրացումը: Ընդհանուր առմամբ` Հայաստանում զգալի առաջընթաց է արձանագրվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում: Վերջին տասնամյակում փոխվել է հաշմանդամության գաղափարախոսությունը, փոխվել են մոտեցումները` բժշկական մոդելը փոխարինվել է սոցիալական մոդելով, ինչը ենթադրում է ոչ միայն հավասար իրավունքներ, այլև հավասար հնարավորություններ և պարտականություններ: Սակայն շատ հաճախ հաշմանդամների սոցիալական պաշտպանությանն առնչվող օրենսդրական ակտերի որոշ դրույթներ գործնականում չեն կիրառվում կամ կիրառվում են ոչ լիարժեք` մեխանիզմների հստակ չլինելու և չկիրառելու դեպքում պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների բացակայության պատճառով:

Համաձայն կատարված վերլուծության արդյունքների` ՀՀ-ում հաշամանդամների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական դաշտը հիմնականում համապատասխանում է միջազգային նորմերին, բխում է հաշմանդամների իրավունքներից և օրինական շահերից։ Միևնույն ժամանակ, իրավական ակտերում առկա դրույթները հաճախ մնում են թղթի վրա` չունենալով զգալի ազդեցություն հաշմանդամների կյանքի որակի վրա: