Օգոստոսի 1-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն- ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի նախնական և միջին մասնագիտական կրթության զարգացման ծրագրի կլոր-սեղան քննարկում, որին մասնակցեցին ոլորտային մի շարք շահառուներ և անկախ փորձագետներ:
Մասնավորապես, իրենց ներկայությունն էին ապահովել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչությունը, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը, Աշխատանքի Միջազգային Կազմակերպության Մեծ քսանյակի (G20) ուսուցման ռազմավարության կիրառման ծրագիրը, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամը, Եվրոպական կրթական հիմնադրամը, «Գերմանական միջազգային համագործակցություն» ընկերությունը, ինչպես նաև առանցային դերակատարում ունեցող մի քանի նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ:
Քննարկումը մեկնարկեց «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի կողմից ներգրավված փորձագետ՝ Նորիկ Թունյանի կողմից նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում վերհանված հիմնախնդիրների ներկայացմամբ և դրանց վերացմանը միտված ռազմավարական թիրախների ու նպատակների նախասահմանմամբ: Այս թեմաների շուրջ կառուցողական երկխոսություն ծավալվեց, որին մասնակցեցին բացառապես բոլոր ներկաները: Քննարկման արդյունքում վերադիտարկվեցին նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացման համար նախասահմանված նպատակներն ու թիրախները:
Փոխադարձ համաձայնությամբ մշակվեցին ոլորտային զարգացման նոր և ավելի մատչելի ձևակերպմամբ նպատակներ ու թիրախներ: Այնուհետև, բուռն քննարկում ծավալվեց սահմանված նպատակների և թիրախների կատարումն ապահովող ցուցանիշների վերաբերյալ:
Քննարկմանը մտքերի և տեսակետների փոխանակման հնարավորություն ընձեռնվեց Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի «առաջամարտիկներին», ինչի արդյունքում էլ՝ ռազմավարական մոտեցման իմաստով փոխադարձ համաձայնության մթնոլորտ ստեղծվեց նախնական և միջին մասնագիտական կրթության զարգացման ծրագրի առանցքային կետերի շուրջ: