Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում այսօր՝ օգոստոսի 30-ին, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ–ի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ կլոր–սեղան քննարկում՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության զարգացման ծրագրի վերաբերյալ:
Քննարկմանը ներկա էր «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն–ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ–ի փորձագետ Նորիկ Թունյանը, ով մասնակիցներին ներկայացրեց նախնական և միջին մասնագիտական կրթության զարգացման ծրագրի /2020-2025թթ./ նպատակներն ու խնդիրները:
Քննարկվող հարցերից առանցքային էին ՆՄՄԿ ոլորտում կառուցվածքային բարեփոխումները, ինչպես նաև բարեփոխումները իրավական և օրենսդրական դաշտերում:
Հանդիպման ընթացքում խոսվեց նաև կրթական չափորոշիչների մասին և դրանց համապատասխանությունը ուսումնական ծրագրերին, ինչպես նաև քննարկվող կարևորագույն հարցերից էր ՆՄՄԿ համապատասխանեցումը աշխատաշուկայի պահանջներին:
Նորիկ Թունյանը հանդիպումը վարեց հարց ու պատասխանի ձևաչափով, որից հետո մասնակիցները հանդես եկան մի շարք առաջարկություններով՝ ՆՄՄԿ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով:
Կլոր–սեղան քննարկմանը մասնակցում էին արհեստագործական ուսումնարանների, քոլեջների, ՀԿ–ների ներկայացուցիչներ: