«Բյուջե՝ բոլորի համար հասանելի» ծրագիրն իրականացվել է Եվրոպական Միության աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, «Կապանի ուսուցիչներ» ՀԿ-ի կողմից: Հետազոտության մեթոդաբանությունը և զեկույցը մշակել է Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը:
Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել Սյունիքի մարզի ՀՈՒՀ-երում տարեկան բյուջեի պլանավորման, ծախսման թափանցիկության և հաշվետվողականության գործընթացները՝ մասնակցային մոնիտորինգի և ջատագովության միջոցով:
Ծրագրի իրականացման հիմնական անհրաժեշտությունը բխում է շահագրգիռ կողմերի այն մտահոգությունից, որ Հայաստանում ՀՈՒՀ-երի տարեկան բյուջեի պլանավորման, ծախսման և հաշվետվողականության գործընթացների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը պատշաճ կերպով չի ապահովվում։ Միևնույն ժամանակ, ենթադրվում է, որ ՀՈՒՀ կառավարման և խորհրդակցական մարմինները (դպրոցական Խորհուրդը (ԴԽ), աշակերտական խորհուրդ (ԱԽ), ծնողական խորհուրդ (ԾԽ), մանկավարժական խորհուրդ (ՄԽ)) և շահագրգիռ կողմերը բավարար մասնակցայնություն և վերահսկողություն չունեն գործընթացներում։ Սույն զեկույցում անդրադարձ է արվում նշված խնդիրների ուսումնասիրությանը:
Ներկայումս Սյունիքի մարզում գործում է 118 ՀՈՒՀ, որոնց թիվն ըստ տեսակների ներկայացված է ստորև.
- Միջնակարգ դպրոցներ – 75,
- Հիմնական դպրոցներ – 37,
- Ավագ դպրոցներ – 5,
- Կրթահամալիր – 1։
ՀՀ կառավարությունը 2014 թվականի հուլիսի 31-ի «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ստանձնեց պարտավորություն մշակելու և ներդնելու ՀՈՒՀ տարեկան բյուջեի պլանավորման եվ բյուջեի տարեկան ծախսերի հաշվետության նոր կարգ։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) աջակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակեց վերոնշյալ կարգը և ՀՀ ԿԳ նախարարի 2015 թ. մարտի 30-ի N 205 Ա/Ք հրամանով հաստավեց «Հանրակրթական ուսումնական հաստատությունների տարեկան բյուջեի պլանավորման և բյուջեի տարեկան ծախսերի հաշվետության» կարգը։
ՀՀ կառավարությունը 6 հուլիսի 2017 թվականի N 801-Ն որոշմամբ հաստատեց «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության նոր տարբերակը, որի 49-ից 66 հոդվածները ներառեցին վերոհիշյալ կարգի հիմնական դրույթները։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի(ԿՏԱԿ) կողմից 2016թ. ստեղծվեց հանրակրթական դպրոցների ինտերնետային համալիր էջ՝ http://schoolsite.am/ և ՀՀ յուրաքանչյուր հանրակրթական դպրոց ունի իր կայքէջը, որտեղ ըստ ընդունված կարգի պետք է տեղադրվեն դպրոցի տարեկան բյուջեն, ինչպես նաև եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունները։
Ըստ ընդունված կարգի, ՀՈՒՀ բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումներ պետք է կազմակերպվեն մանկավարժական խորհրդի, ծնողական և աշակերտական խորհուրդների, ՀՈՒՀ կառավարման խորհրդի, քաղաքացիների և բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ առաջարկներ ստանալու և պարզաբանումներ տալու նպատակով։
Սույն ծրագրի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի 15 ՀՈՒՀ-երում իրականացվել է բյուջեների նախագծման, հաստատման և հաշվետվողականության գործընթացների մոնիթորինգ, ինչպես նաև իրականացնել ջատագովություն՝ բարելավելով ՀՈՒՀ կառավարման, խորհրդակացական մարմինների և քաղաքացիաների մասնակցայնության մեխանիզմները։
Հետազոտությունն իրականցվելու է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի խոշորացված համայնքներում։