Commitment to Constructive Dialogue

«Ինչպե՞ս կառավարել ուժեղ կոալիցիաներ» դասընթաց՝ ՔՀԿ կոալիցիաների համար. օր երկրորդ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Աղվերանում շարունակվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակներում կազմակերպված «Ինչպե՞ս կառավարել ուժեղ կոալիցիաներ» հնգօրյա դասընթացը՝ ԿԵՀ ծրագրի շրջանակներում ստեղծված և/կամ հզորեցված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաների համար։

Նշենք, որ դասընթացի անցկացման, սեփական փորձով կիսվելու համար Չեխիայից ժամանել են 3 փորձագետներ՝ Պետր Չապը, ով Տեղական գործող խմբերի ազգային ցանցի գործադիր տնօրենն է, Կրիստինա Ֆանտովան, ով դրամաշնորային ծրագրերի հայթայթման բանագավառի փորձագետ է, Չեխիայում և միջազգային ՀԿ-ների ասպարեզում 18 տարվա փորձ ունի, Միրոսլավա Վիտասկովան, ով միջազգային կապերի և Եվրոպական ուսումնասիրությունների շրջանավարտ է, 10 տարվա փորձ ունի չեխական և միջազգային  ՀԿ-ների, ինչպեսև բիզնեսի ոլորտում։

Այսօր՝ դասընթացի երկրորդ օրը, մասնակիցներին ներկայացվող թեմաներն են եղել. Եվրամիության նմանատիպ կոալիցիաների հետ ցանցային կապերի հնարավորությունը, կոալիցիաների արդյունավետ կառավարում՝ շահերի պաշտպանություն և լոբբինգ:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք ուղղվել են հանրային քաղաքականությունների զարգացմանը և ունեցել շոշափելի արդյունքներ ծրագրի 9 թիրախային ոլորտում, որոնք են՝ արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: