Արդեն երրորդ օրն է, ինչ Աղվերանում շարունակվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակներում կազմակերպված «Ինչպե՞ս կառավարել ուժեղ կոալիցիաներ» հնգօրյա դասընթացը՝ ԿԵՀ ծրագրի շրջանակներում ստեղծված և/կամ հզորեցված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաների համար։
Այսօր դասընթացի մասնակիցները Չեխիայից ժամանած փորձագետների հետ քննարկել են կոալիցիաների անդամության զարգացման հնարավորությունները, սովորել ներքին հանրային կապերի և անդամների հետ տարվող աշխատանքների հմտությունները: Օրվա երկրորդ կեսին քննարկում է անցկացվել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ (CEPA): Մասնակիցներին նաև ներկայացվել է, թե ինչպես պետք է պատրաստ լինել Եվրամիության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթներին: Նրանք իրենց գիտելիքներն ամրապնդել են խաղի միջոցով:
«Մեր կոալիցիան իր գործունեության ժամանակահատվածում ունեցել է շատ հաջողություններ և դրա հետ մեկտնեղ նաև՝ դժվարություններ: Այս հնգօրյա դասընթացները՝ չեխ գործընկերների հետ, լավ հնարավորություն էր նախ ծանոթանալու չեխական, միջազգային փորձին, ինչպես նաև տեղական մակարդակում մեր գործընկեր կոալիցիաների հետ փոխանակվելու սեփական փորձով, առավել համակագրված պատկերացնելու կոալիցիաների զարգացման աշխատանքը: Կարծում եմ իմ գործընկերները կհամաձայնեն, որ այս պահին կոալիցիաների համար առավել արդիական խնդիրը կայունության պահպանումն է, ինչի վրա դասընթացի ժամանակ շեշտադրում արվում է»,-նշում է դասընթացի մասնակից Նարեկ Բոցինյանը, ով Առաջընթաց երիտասարդական հասարակական կազմակերպության խորհրդի նախագահն է: Այս կազմակերպությունն անդամակցում է Հայկական կրթական ցանց կոալիցիային: Կոալիցիան նպատակ ունի Հայաստանում զարգացնել միջին մասնագիտական կրթության ոլորտը և խթանել սոցիալական գործընկերությանը՝ հատկապես մարզերում:
Հավելենք, որ Չեխիայից ժամանած փորձագետներն են Պետր Չապը, ով Տեղական գործող խմբերի ազգային ցանցի գործադիր տնօրենն է, Կրիստինա Ֆանտովան, ով դրամաշնորային ծրագրերի հայթայթման բանագավառի փորձագետ է, Չեխիայում և միջազգային ՀԿ-ների ասպարեզում 18 տարվա փորձ ունի, Միրոսլավա Վիտասկովան, ով միջազգային կապերի և Եվրոպական ուսումնասիրությունների շրջանավարտ է, 10 տարվա փորձ ունի չեխական և միջազգային ՀԿ-ների, ինչպեսև բիզնեսի ոլորտում։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք ուղղվել են հանրային քաղաքականությունների զարգացմանը և ունեցել շոշափելի արդյունքներ ծրագրի 9 թիրախային ոլորտում, որոնք են՝ արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: