Commitment to Constructive Dialogue

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան շարունակելու է նպաստել երջանիկ, ներդաշնակ և կոռուպցիայից զերծ հասարակության կառուցմանը

Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան այսօր՝ դեկտեմբերի 9-ին, օրվան նվիրված համատեղ միջոցառում անցկացրին։

21-րդ դարում կոռուպցիայի դեմ պայքարը համալրվում է նորանոր գործիքներով, որի օրինակ է Հայաստանում բիզնես ոլորտում կոռուպցիոն դեպքերի ու խնդիրների վերաբերյալ բարձրաձայնող ու ազդարարման հնարավորություն տվող Bizproect.am կայքը։ Այս մասին իր խոսքում նշեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը։ «Շատ կարևոր է, որ այս կայքով մենք կարողացանք որոշակի թափանցիկություն ապահովել մեր պետական մարմինների հետ աշխատանքում, որովհետև կայքը հնարավորություն տվեց բիզնես ներկայացուցիչներին արագ կապ հաստատել և յուրաքանչյուր խախտում ազդարարել»,-նշեց նա։ Արկադի Սահակյանը նաև հավելեց, որ կոալիցիայի կազմում իր զբաղեցրած պաշտոնում ընտրվելը մեծ պատիվ ու պատասխանատվություն է, իսկ ՔՀԿ-ների դերը կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր է․ «Փորձը ցույց է տալիս, որ հայկական հասարակական կազմակերպությունները այնքան հմտություն ու այնքան դերակատարում ու ունակություններ ունեն, որ կարող են անգամ միջազգային ասպարեզում լինել խորհրդատու՝ ունենալով մեծ փորձագիտական ներուժ»։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը նշեց, որ կոալիցիայի համար առաջնահերթություն է ինքնիշխան ու հայակենտրոն լինելը, և, որ կոալիցիան շարունակելու է ներդնել իր ջանքերը նպաստելու երջանիկ, ներդաշնակ և կոռուպցիայից զերծ հասարակության կառուցմանը Հայաստանում: «Այժմ մենք սկսել ենք կոալիցիայի արդիականացման ծրագիրը, քանի որ կարծում ենք՝ 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների տրամաբանության մեջ, որ յուրաքանչյուրս մեր հերթին պետք է իրականացնենք այդ վերափոխումն ու արդիականացումը, ինչի արդյունքում, առավել ուժեղացած ստանձնել ենք մեր երկրում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների մշտադիտարկման և գնահատման հիմնական դերակատարի գործառույթները»,-ասաց նա։ Կարեն Զադոյանի խոսքով, այժմ կարևորվում է նաև կոալիցիայի անդամ կազմակերպությունների կարողությունների զարգացումը՝ մոնիթորինգի ու գնահատման հմտություններն ու գիտելիքները, կոալիցիայի փորձագիտությունը, որը չի զիջում, իսկ որոշ տեղերում գերազանցում է պետական կառույցներին, ինչպեսև միջազգային կապերը։ 

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ՔՀԿ-ների զարգացման ծրագրի համակարգող Արտյոմ Մեսրոպյանը ներկայացրեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 19.12.2018-09.12.2019 թթ. ժամանակահատվածի գործունեության հաշվետվությունը, գրանցած հաջողությունները։ «2019 թվականիհոկտեմբերի 3-ին կառավարության կողմից ընդունվեց Հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 թվականների ծրագիրը, որի միջոցառումների ծրագրի գերեթե 80 տոկոսը կոալիցիայի առաջարկություններն են»,-նշեց նա։ Արտյոմ Մեսրոպյանը նաև խոսեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից՝ նշելով․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման գործընթացի հիմնական թերությունն այն է, որ դուրս է մնացել մրցութային խորհրդի տեսքով հանձնաժողովի ստեղծումը։ 2017 թվականին, երբ ընդունվեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը, մրցութային խորհուրդը դրանում արտացոլված էր և այն օրենքից դուրս եկավ այս տարի՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված նախագծի միջոցով։ Այնուհետև կոալիցիան բազմաթիվ անգամ և՛ միջազգային կառույցներին, և՛ համապատասխան պետական մարմիններին ներկայացրեց առաջարկություններ, որ այդ ամենը չի բխում Ջակարտայի սկզբունքներից, քանի որ դրանում նշվում է՝ գործընթացը պետք է լինի ապաքաղաքականացված, իսկ ուղղակի նշանակման գործընթացն ինքնին չի ենթադրում ապաքաղաքականացված մոտեցում։ Թեև առաջին կազմը ձևավորվեց ուղղակի ձևավորման միջոցով, ներկայումս արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել և արդեն կառավարությունը հավանություն է տվել ու ուղարկել ԱԺ՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում նոր փոփոխություններ, որի հիման վրա վերականգնվում է նորից մրցութային խորհուրդը»։

Միջոցառմանը Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 2019թ. հոսքի շրջանավարտները ներկայացրին իրենց ավարտական աշխատանքները։ Նշենք,  որ բոլոր ավարտական աշխատանքներն էլ հակակոռուպցիոն ուղղվածություն ունեին։

Դպրոցի ունկնդիր Էդուարդ Հովհաննիսյանի ավարտական աշխատանքը հակակոռուպցիոն մարմինների մոդելներին էր վերաբերում։ Նա խոսեց տարանջատված և բազմաֆունկցիոնալ գործառույթներով մոդելների, Ջակարտայի սկզբունքների, կոռուպցիայի դեմ պայքարի հաջողված օրինակների մասին և ոչ միայն։

Ավարտական իր աշխատանքը ներկայացրեց նաև դպրոցի ունկնդիր Հասմիկ Միքայլելյանը՝ խոսելով Հայաստանի Հանրապետությունում ազդարարման համակարգի ու առկա խնդիրների մասին։ Նա ներկայացրեց նաև ազդարարման համակարգի ձևաավորման միջազգային լավագույն փորձերը։

Կոռուպցիայի դեմ պայքարում հակակոռուպցիոն կրթության կարևորության ու կիրառման հնարավոր մեթոդների, դրանց իրականացման ձևերի մասին խոսեց Անի Սարգսյանը։ «Արդեն 6 ամիս սովորելու ընթացքում, որ յուրաքանչյուր արատի դեմ պետք է պայքարել ամենաուժեղ զենքով՝ կրթությամբ, էլ ավելի ամրապնդվեց, այդ իսկ պատճառով «Հակակոռուպցիոն կրթության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում» թեման դարձավ իմ ավարատական աշխատանքը»,-նշեց նա։

Դավիթ Սերոբյանի ավարատական թեման էր՝ «Բարեխղճությունը և կոռուպցիայի դեմ պայքարը ՏԻՄ-երում»։ Նա նշեց, որ տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիայի դեմ պայքարի համար տարվող աշխատանքների մեթոդաբանությունը ներառում է մի քանի քայլեր՝ բանակցությունների վարում և քաղաքապետի հետ փոխընբռնման հուշագրի ստորագրում, ղեկավարող կոալիցիայի ձևավորում, որն աջակցելու է մասնակցային գործընթացի միջոցով, կոռուպցիայի խոցելիության ախտորոշմանը, ըդհանուր ախտորոշում. այս փուլի միջոցով հնարավոր կլինի հասկանալ այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք բնորոշ են ՀՀ-ի ՏԻՄ-երին՝ հաշվի առնելով մեր տեղական ինքնակառավարման համակարգի առանձնահատկությունները, խորը ախտորոշում. օգտագործվող մեթոդները ներառում են անանուն հարցաթերթիկները, հարցազրույցները, ֆոկուս խմբերը և/կամ հարցումներ, կարողությունների զարգացում դասընթացների միջոցով, լուծումների մշակում. Վերջնական գործողությունների պլանի մշակում։

Դպրոցի ունկնդիր Եվգենյա Համբարձումյանի ավարատական թեման Հայաստանում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի ու դրա շրջանակներում մասնավոր ոլորտում  հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրման մասին էր։ Նա խոսեց իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության երեք հիմնական մոդելների, կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի միջազգային պարտավորությունների ու բիզնես ոլորտի կողմից կատարվող քայլերի մասին։

Ազդարարման համակարգի, դրա կարևորության ու զարգացող միտումներին անդրադարձավ նաև Անի Գալստյանը։ Դպրոցի ունկնդիրը խոսեց ինչպես ներօրենսդրական ակտերի, այլնպես էլ՝ Քրեական օրենսգրքով ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցների մասին։

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիր Մարիամ Զաքարյանի ավարտական թեման վերաբերում էր Հայաստանից թալանված ակտիվների վերադարձի հնարավորության մասին։ Նա նշեց, որ այժմ հանրային քննարկման  է ներկայացվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում կիրառել ԻՆ ՌԵՄ սկզբունքը։

Քրիստինե Թաթոսյանի ավարտական թեման ՀՀ կրթական-բուհական համակարգում կոռուպցիոն քաղաքականության դրսևորումների և դրանց հաղթահարման հնարավոր ուղիների մասին էր։ Նրա խոսքով՝ ըստ ուսանողների շրջանակում կատարված հարցման, կոռուպցիոն դրսևորումներ լինում են բացակայի միջնորդության շուրջ համաձայնության, գնահատական ստանալու շուրջ դասախոսի և ուսանողի համաձայնության, «ԽԾԲ»-ի միջնորդության և այլ գործողությունների տեսքով։

Հակակոռուպցիոն քաղաքականությանն ու Հայաստանում առկա մարտահրավերներին՝ միջազգային փորձի լույսի ներքո, իր ավարտական աշխատանքում անդրադարձել է Ֆլորա Միրզախանյանը։ Ուսումնասիրություն էր կատարվել ՀՀ Կառավարության 2017 և 2019 թվականների ծրագրերի շրջանակում, նշվեց նաև Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման միջոցների մասին։

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 4-րդ հոսքի ունկնդիր Դիանա Ալեքսանյանի ավարտական հետազոտական աշխատանքի թեման էր՝ հակակոռուպցիոն քաղաքականությունը և մարտահրավերները ՀՀ-ում։ Նրա խոսքով, առկա մարտահրավերներն են՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության գույքի և եկամուտների թափանցիկությունը, հանրային կառավարման համակարգում առկա հիմնական խնդիրները և տնտեսական գործունեության թափանցիկության հիմնախնդիրը։ Իսկ հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության համար անհրաժեշտ է՝ երաշխավորել փոխզսպումների և հակակշիռների սկզբունքի կիրառումը, օրենսդրական կարգավորումներում երկակի մոտեցում կիրառելու հնարավորության նվազեցումը, նոր գործիքակազմի ներդրումը։

Այնուհետև Կարեն Զադոյանը և Արկադի Սահակյանը երիտասարդ առաջնորդների դպրոցի շրջանավարտներին հանձնեցին ավարտական դիպլոմներ և խրախուսական մրցանակներ` գրքերի տեսքով:

Նույն օրն անկացվեցին նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի ընտրությունները։ 

ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը հայտնեց, որ կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ ընտրվելու համար ստացվել են  ինքնաառաջադրման հայտեր հետևյալ կազմակերպություններից․

  • Հավասար հնարավորությունների աջակցության հիմնադրամ,
  • «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ,
  • Հայաստանի համայնքների միություն,
  • «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ,
  • «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ,
  • Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա,
  • Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն,
  • «Արազա» ԲՀԿ,
  • «Սևանի տարածաշրջանային և զարգացման հետազոտությունների կենտրոն» ՀԿ,
  • «Թուխմանուկ իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ։

Իրավաբանների հայկական ասցիացիան՝ համաձայն կոալիցիայի կանոնակարգի, հանձինս ասոցիացիայի նախագահի, որպես կոալիցիայի քարտուղարության համակարգողմ ավտոմատ կերպով ընդգրկվում է որպես կառավարման խորհրդի կազմում, , արդյունքում ստացվեց ընդհանուր 11 անդամ։

Քննարկվեց նաև կոալիցիայի կառավարման խորհրդի թվաքանակի հաստատման հարցը։ «Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանն առաջարկեց խորհրդի անդամների 13 թիվը կրճատել, քանի որ շատերը բացակայում էին նիստերից։ Նա առաջարկեց պահպանել 11 անդամից բաղկացած կազմը, և պատասխանատու և պարտաճանաչ անդամները ներգրավվեն կոալիցիայի աշխատանքների մեջ։ Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը նշեց, որ խորհրդի կազմը պետք է լինի առավելագույնը 7 հոգի։ Ելույթ ունեցավ նաև «Արազա» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Թամարա Աբրահամյանը, ով ինքնաբացարկ հայտնեց, որից հետո Գևորգ Գրիգորյանը  իր առաջարկը հետ կանչեց։ Հետագայում նաև ինքնաբացարկ հայտնեց «Սևանի տարածաշրջանային և զարգացման հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի Աշոտ Մելքոնյանը` խնդրելով իրենց ընդգրկել կոալիցիայի փորձագիտական կոմիտեի կազմում:

Արդյունքում ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը կազմավորվեց 9 հոգի կազմով.

  • Իրավաբանների հայկական ասցիացիա` ի դեմս Կարեն Զադոյանի,
  • Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն` ի դեմս Արկադի Սահակյանի,
  • «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ` ի դեմս Արփինե Հակոբյանի,
  • Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա` ի դեմս Գևորգ Գրիգորյանի,
  • «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ` ի դեմս Սոնա Հարությունյանի,
  • «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ` Մովսես Արիտսակեսյանի,
  • «Թուխմանուկ իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ` ի դեմս Մարիամ Չախոյանի,
  • Հայաստանի համայնքների միություն` ի դեմս Էմին Երիցյանի,
  • Հավասար հնարավորությունների աջակցության հիմնադրամ` ի դեմս Հայկ Մարգարյանի:

Հավելենք նաև, որ հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի ներկա 9 հոգիանոց կազմի 4 ՔՀԿ-ները առաջին անգամ են ընտրվել կառավարման խորհրդի կազմում: Այդ ՔՀԿ-ներն են` «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ-ը, «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ը, Թուխմանուկ իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ-ը և Հավասար հնարավորությունների աջակցության հիմնադրամը: Հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամներից 6-ը հանդիսանում են արական, իսկ 3-ը` իգական սեռի ներկայացուցիչներ:

Տեղեկացնենք նաև, որ դեկտեմբերի 9-ից գործարկվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիան կոալիցիայի պաշտոնական կայքը՝ aac.am-ը։

______________________________________________________________________

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է 2014 թվականի նոյեմբերի 28-ին: Ներկայումս հակակոռուպցիոն կոալիցիային անդամակցում են 71 ՔՀԿ-ներ:

Հակակոռուպցիոն կոալիցիայի առաքելությունն է՝ նպաստել Հայաստանում կոռուպցիայի վերացմանը` անձնական օրինակով հասարակության և հանրային ծառայողների շրջանում ազնիվ կառավարման պահանջարկի ձևավորման, հանրային և մասնավոր կառույցներում հակակոռուպցիոն ռազմավարությունների ներդրման միջոցով: