Commitment to Constructive Dialogue

Լոռու մարզային ՔՀԿ-ների համար անցկացվեց «ՔՀԿ-ների ռազմավարական պլանավորում» թեմայով դասընթաց

2020 թվականի հունվարի 22-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղում «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց «ՔՀԿ-ների ռազմավարական պլանավորում» թեմայով սեմինար-դասընթացը:

Դասընթացին մասնակցում էին Լոռու մարզի հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ, ընդհանուր թվով՝ 8 մասնակից։ 

Բացման խոսքով հանդես եկավ  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Վանաձորի գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող՝ Զարինե Հովհաննիսյանը, ով շնորհակալություն հայտնեց մասնակիցներին իրենց ներկայությունը ապահովելու համար, ինչպես նաև ներկայացրեց «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագիրը, որի շրջանակներում էլ նախատեսվում են նմանատիպ շարունակական դասընթացներ՝ ՔՀԿ-ների և ՔՀԿ կոալիցիաների կարողությունների զարգացումն ապահովելու համար:

Սկզբում մասնակիցներին ներկայացվեց ՔՀԿ-ների ռազմավարական պլանավորման մասնակցային գործընթացի, ռազմավարական պլանի մեթոդաբանության և մշակման առանձնակատկություններին վերաբերող պրեզենտացիան, այնուհետև ՔՀԿ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան դիտելու նաև տվյալ թեմային առնչվող տեսանյութ, որտեղ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ ղեկավար Կարեն Զադոյանը առավել մանրամասն ներկայացրեց ՔՀԿ-ների ռազմավարական պլանավորման ողջ գործընթացը:

Սեմինար-դասընթացի ավարտին մասնակիցները զեկուցողին ուղղեցին իրենց հարցերը, որոնք վերաբերվում էին ռազմավարական պլանի մշակման մեթոդաբանությանը, ռազմավարական պլանի ընդհանուր մշակման մեխանիզմներին, ինչպես նաև արժևորեցին նոր ստացած գիտելիքները՝ բարձր գնահատելով դասընթացի կարևորությունն ու արդյունավետությունը: Միջոցառման գնահատման թերթին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հիշեցնենք, որ դասընթացները կրելու են շարունակական բնույթ և պարբերաբար կազմակերպվելու են այնպիսի թեմաներով սեմինար-դասընթացներ, որոնք կնպաստեն մարզային ՔՀԿ-ի գործունեության ճիշտ կազմակերպմանն ու կարողությունների հզորացմանը: