2020թ․ փետրվարի 13-ին Ֆինանսների նախարարությունում կայացավ Արժույթի միջազգային հիմնադրամի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների միջև հանդիպում։ Հանդիպումը նվիրված էր բյուջետային գործընթացի մաս կազմող Քաղաքացու բյուջեի քննարկմանը։ Փորձագիտական քննարկում-հանդիպմանը ներկա էին ԻՀԱ իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանը, միջազգային իրավական հարցերով փորձնակ Դիանա Ալեքսանյանը, Արժութային միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Կենտրոնական Ասիայի ֆինանսական հարցերով խորհրդատու Ջոհն Զոհրապը, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցչի գրասենյակի տնտեսագետ Վահրամ Ջանվելյանը, Ֆինանսների նախարարության աշխատակից Կարինե Գևորգյանը։
Հանդիպման ժամանակ կարևորվեց ԻՀԱ փորձագետների կարծիքը՝ որպես քաղաքացու բյուջեի մասով աշխատանքներ կատարած և մեծ ներդրում ունեցած կառույցի։ Քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց ինչպես քաղաքացու բյուջեի ձևաչափին և ձևական պահանջներին, այնպես էլ կառուցվածքին և բովանդակությանը: ԻՀԱ փորձագետ Լուսինե Նալբանդյանը նշեց, որ այն հնարավորինս պետք է բխի քաղաքացիների շահերից, լինի պարզ և մատչելի՝ զերծ խրթին տերմինաբանությունից և ավելորդ տեղեկատվությունից՝ առաջնորդվելով «արժեք՝ փողի դիմաց» սկզբունքով։ Այսինքն՝ քաղաքացիների համար պիտի պարզ լինի, թե որ առաջնային ոլորտներում են ներդրվում իրենց վճարած հարկերը, քանի որ քաղաքացիները ցանկանում են տեսնել կոնկրետ արդյունքային որակական և քանակական ցուցանիշներ, ըստ այդմ պարզելու՝ ինչ է փոխվել իրենց կյանքում։ Արժույթի միջազգային հիմնադրամի տնտեսագետ Վահրամ Ջանվելյանը առաջարկեց, որ տեխնիկական լուծումներով հնարավորություն տրվի քաղաքացիներին ծանոթանալ բյուջեում այն ոլորտային փոփոխություններին, որոնք իրենց հետաքրքրում է։