Commitment to Constructive Dialogue

Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան խախտում է մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը. Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանց

Սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Ադրբեջանը խախտելով հրադադարի ռեժիմը և միջազգային իրավունքի նորմերը, սահմանագծի ողջ երկայնքով նախաձեռնել է լայնածավալ ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ, որի հետևանքով Արցախին (Լեռնային Ղարաբաղ) հասցվել են տասնյակ մարդկային զոհեր և զգալի կորուստներ։ Ադրբեջանի զինված հարձակման զոհ են դարձել Մարտակերտի, Մարտունու, Ստեփանակերտի և այլ քաղաքների ու գյուղերի խաղաղ բնակչությունը, որոնց թվում է նաև երեխա։ Ադրբեջանի ռազմական գործողությունների թիրախում է հայտնվել նաև Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքը, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ դպրոցներ և տներ։ Նման պայմաններում, ակնհայտ կերպով խախտելով Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի նորմերը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ստեղծել է իրական վտանգ կանանց, երեխաների և Արցախի ողջ բնակչության կյանքի ու առողջության համար:

Ընդ որում, Ադրբեջանի կողմից այս մեծ ծավալով ռազմական ուժերի և տեխնիկայի ներգրավումը, ինչպես նաև մի շարք այլ ապացույցների համակցությունը վկայում է այն մասին, որ այս զինված հարձակումը վերջինիս կողմից ծրագրավորվել է Թուրքիայի օժանդակությամբ և մասնակցությամբ՝ նախապես։

Այս ռազմական ագրեսիան ոչ միայն կոպտորեն խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու մարդասիրական նորմերը, այլև ոտնահարում է միջազգայնորեն հանրաճանաչ արժեքները, որոնք առաջնային են դիտում մարդու կյանքի իրավունքը, խտրականության բոլոր ձևերի բացառումը, խոշտանգման արգելքը և խստորեն դատապարտում են ազգային ինքորոշմամբ պայմանավորված զանգվածային ոչնչացումները։ Նման զինված ագրեսիան չպետք է հանդուրժվի, ավելի այն պետք է ստանա համարժեք գնահատական և խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից:

Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցը հայտնում է իր պատրաստակամությունը աջակցել Արցախին և Հայաստանի Հարապետությանը՝ նպատակ ունենալով նպաստել Արցախի բնակչության անվտանգությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, տարածաշրջանային կայունության և խաղաղության վերահաստատմանը։

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմական ագրեսիան Արցախի նկատմամբ, և կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, Եվրոպական Միությանը, ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին, և այլ շահագրգիռ միջազգային կազմակերպություններին, հրատապ կերպով ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից հրահրված ռազմական ագրեսիան Արցախի նկատմամբ և ձեռնամուխ լինեն խնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով։

Հայաստանի ՔՀԿ-ների Կառուցողական Երկխոսության Ցանցի խորհուրդ

  • «ՀամաԶարԿ» («Համայնքների զարգացման և մասնակցային կառավարման միավորում») կոալիցիա
  • Հայաստանի գյուղատնտեսական դաշինք
  • ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման կոալիցիա
  • Հայկական կրթական ցանց
  • Հայկական բիզնես կոալիցիա
  • «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանց
  • «Հանուն հավասար իրավունքների» կոալիցիա
  • «Վիննեթ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանց» կոալիցիա
  • Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբավող միջմարզային կոալիցիա
  • Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
  • Աշխատողների իրավունքների պաշտպանության հասարակական կոալիցիա
  • Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուցիոնալ կայացման ու զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիա
  • ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը և տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված կոալիցիա
  • Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանության ցանց
  • Իրավաբանների հայկական ասոցիացիա` Ցանցի քարտուղարությունը իրականացնող կազմակերպություն

Հավելենք, որ հայտարությունը ընդունվել է Հայաստանի ՔՀԿ-ների Կառուցողական Երկխոսության Ցանցի խորհրդի հեռավար եղանակով գումարած նիստում` 2020 թվականի սեպտեմբերի 27-28-ին:

Ծանոթություն։ Հայաստանի ՔՀԿ-ների Կառուցողական Երկխոսության Ցանցը ստեղծվել է 2019 թվականի փետրվարին Եվրոպական միության կողմից ֆինանսավորված Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում (https://ccd.armla.am)։ Ցանցը ներկայումս միավորում է 14 ոլորտային կոալիցիաների՝ շուրջ 250 ՔՀԿ-ների անդամությամբ: Նշված Կոալիցիաները բազմապրոֆիլ են և ներկայացնում տարբեր ոլորտներ, ինչպես օրինակ՝ արդարադատություն, մարդու իրավունքներ, էներգետիկա, գյուղատնտեսության, հանրային ֆինանսների կառավարում, տնտեսություն, բիզնես և այլն։

«28» սեպտեմբերի, 2020