Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել առցանց քննարկում հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով՝ նվիրված «Բաց կառավարման գործընկերության» (ԲԿԳ) ազգային գործողությունների 5-րդ ծրագրի մշակմանը»՝ բաց առողջապահական համակարգի վերաբերյալ։
Միջոցառումը կազմակերպվել է «Աջակցություն 2020-2022թթ. ԲԿԳ գործողությունների ազգային ծրագրի համատեղ ստեղծմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն», «Իրավաբանների հայկական ասոցիացիա» և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից՝ «ԲԿԳ» Առաջակցության ստորաբաժանման աջակցությամբ։
Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, խթանել վերջինիս արդյունավետությունը՝ բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: Հիշյալն իրականացնելու համար կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մշակում են գործողությունների պլաններ՝ սահմանելով հստակ միջոցառումներ, որոնք ուղղված են Նախաձեռնության նպատակների նվաճմանը։
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Անի Հարությունյանը հանդես եկավ «Աջակցություն 2020-2022թթ. ԲԿԳ գործողությունների ազգային ծրագրի համատեղ ստեղծմանը» ծրագրի ներկայացում» զեկույցով, որի շրջանակներում վերջինս նախ ամփոփեց ԲԿԳ ազգային գործողությունների 4-րդ ծրագրի արդյունքները: Այդ կապակցությամբ նա նշեց, որ արդյունքում գրանցել են հանրային իրազեկման և քաղաքացիական հասարակության ներգրավվածության առավել բարձր մակարդակ, առաջին անգամ հանրային խորհրդատվություններ են անցկացվել երկրի բոլոր տասը մարզերում՝ որպես թիրախային խմբեր ներառելով նաև քաղաքացիական ծառայողներին և երիտասարդներին, և ամենակարևորը՝ գործողությունների փաթեթն առաջին անգամ ներառում էր օրենսդրական փոփոխություններ պահանջող հանձնառություններ:
Վարչապետի աշխատակազմի «ԲԿԳ Հայաստան» նախաձեռնության ծրագրի համակարգող/ ՀՀ կոնտակտային անձ Լիլիա Աֆրիկյանը նախ խոսեց «ԲԿԳ նախաձեռնություն և Հայաստան հարաբերություններ»-ի մասին։ Նրա դիտարկմամբ՝ 4-րդ գործողությունների ծրագրի մշակման ընթացքում բավականին լավ փորձ է ձեռք բերվել առաջարկությունների քննարկման փուլում։ «Գործընթացքում շատ կարևոր է մեր գործընկերների ակտիվ մասնակցությունը։ Կոչ եմ անում մշտադիրտարկման ենթարկել նաև այն հանձնառությունները, որոնք ստանձնվում են, կարևոր է, որպեսզի դրանք ձեր ուշադրության կենտրոնում լինեն, և մենք կարողանանք հետադարձ կապ ստանալ։ Թվում է, թե կառավարության կողմից ստանձնված հանձնառությունները ըստ շարադրանքի իրականացվում են, սակայն իրական ազդեցությունը, նշանակությունը և խնդիրները, որոնք տողատակերում են, հաճախ հնարավոր չէ հայտնաբերել»,-նշեց Լիլիա Աֆրիկյանը։
Այնուհետև, կառավարության ներկայացուցիչը հանդես եկավ «ՀՀ-ի կողմից առողջապահության ոլորտում ստանձնած ԲԿԳ հանձնառությունների և դրանց կատարման ընթացքի ներկայացում» զեկույցով։ Վերջինս նշեց, որ բաց առողջապահության հիմնական խնդիրներն են առանց խոչընդոտի հերթագրումը, ԲԿ-ներում հերթերի կարգավորումը, ԲԿ-ներում պետպատվերի շրջանակում իրականացվող ծառայությունների վերահսկումը և թափանցիկությունը, ինչպես նաև այդ ծառայությունների հասանելիությունը մարզերում ապրող քաղաքացիների համար։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ Մարիամ Զադոյանը ներկայացրեց «ԲԿԳ հանձնառություններ առողջապահության ոլորտում․ Ակնարկ միջազգային փորձից» թեմայով զեկույցը։ Այդ նպատակով, նա նախ մասնակիցներին ներկայացրեց առողջության իրավունքի հասկացությունը և դրա բաղկացուցիչ մասերը, նշելով, որ թեև այն երկրորդ սերնդի իրավունք է, առաջադեմ երկրների փորձը վկայում է, որ մի շարք երկրներում այն ներառվում է մարդու հիմնարար իրավունքների մեջ: Այնուհետև, Մարիամ Զադոյանը անդրադարձ կատարեց ԲԿԳ հանձնառությունների միջազգային փորձին։ «Հիմնական նպատակն այն է, որ ԲԿԳ անդամ երկրների կառավարությունները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի քաղաքացիները լինեն առողջապահության ոլորտի քաղաքականության ձևավորման կենտրոնում, ինչպես նաև պետք է խթանել հասարակության մասնակցությունը առողջապահական հիմնական քաղաքականությունների տարածման գործընթացում։ Բացի այդ, պետք է ստեղծվեն համակարգեր, որտեղ քաղաքացիները կկարողանան առողջապահական ծառայություններ մատուցողներին դարձնել հաշվետու։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի ծրագրային փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը ելույթ ունեցավ «ԲԿԳ հանձնառություններ առողջապահության ոլորտում․ Շեշտադրում COVID 19 համաճարակի դեմ ուղղված միջոցներին. Ակնարկ միջազգային փորձից» թեմայով։ Փորձագետը նշեց, որ կարևոր է առողջապահության ոլորտում փոփոխություններ անել, և դրանց անհրաժեշտության մասին հատկապես փաստում են վերջին իրադարձությունները՝ կապված երկրում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակի հետ, որից հետո ՀՀ առողջապահական համակարգը կոլապսի առաջ կանգնեց։ «Այս կապակցությամբ հատկապես կարևորվում է առողջապահության ոլորտի ծախսերի, այդ թվում` առողջապահական պարագաների հրատապ գնումների մասին տեղեկությունը հանրորեն մատչելի դարձնելը, ինչպես նաև կառավարության և քաղաքացիների միջև վստահության կառուցումը, այդ թվում` ուժեղ հաղորդակցության միջոցով՝ թիրախավորելով հասարակության խոցելի խմբերին և նրանց հասցնելով անհրաժեշտ տեղեկությունները»։
Զեկույցներին հաջորդեց հարց ու պատասխան և առաջարկությունների ներկայացում ու քննարկում մասնակիցների կողմից։
«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ–ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Մովսես Արիստակեսյանը նշեց, որ համաձայն չէ այն դիտարկմանը, թե հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացում է արձանագրվել առողջապահության ոլորտում։ «Բացի այդ, ինչպես պետական մարմինները, այնպես էլ հանրային կազմակերպություններն ունեն ցածր հաշվետվողականության և թափանցիկության մակարդակ այս ոլորտում։ Վերջիներս մեծ ցանկություն չունեն համագործակցել ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ»,-նշեց Արիստակեսյանը։ Վերջինիս կարծիքով, ԲԿԳ շրջանակներում դեռևս լուծված չեն նաև հետևյալ հարցերը, որոնց մասին ինքը խոսել է դեռ 3 տարի առաջ․ «Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի կատարելու ԲԿԳ–ով նախատեսված 7-րդ պարտավորությունը, այն է «Պետական քաղաքականությունների և օրենսդրական բարեփոխումների՝ բաց, թափանցիկ, մասնակցային և հաշվետու գործընթացի ապահովում», մասնավորապես՝ պետական կառավարման հանրապետական ու տարածքային մարմինների պաշտոնական կայքերի կառուցվածքի միասնականացման առումով, պետական կառավարման հանրապետական ու տարածքային մարմինների պաշտոնական կայքերում ռազմավարական, ազգային ու ոլորտային ծրագրերի արտացոլման, դրանց կենսագործման ընթացքի ու հաշվետվությունների առումով, պետական կառավարման հանրապետական ու տարածքային մարմինների պաշտոնական կայքերում և հատկապես՝ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում ,պետական բյուջեներով նախատեսված ֆինանսական ու ոչ ֆինանսական ցուցանիշների ու բյուջետային բոլոր ծրագրերի արդյունքային ցուցանիշների մասին եռամսյակային հաշվետվությունների արտացոլման առումով»։
Անի Հարությունյանն, ի պատասխան Արիստակեսյանի դիտարկման, նշեց, որ հանրային իրազեկվածության բարձրացումը տեղի է ունեցել, ի թիվս այլոց, նաև առողջապահության ոլորտում: «Ճիշտ եք, առկա է բաց, երբեմն մարդիկ չգիտեին, թե ինչ է ԲԿԳ–ն, ուր մնաց թե ներկայացնեին առաջարկություն, որը կարող էր դառնալ հանձնառություն: Առողջապահության ոլորտը թիրախավորվել է, ինչը նշանակում է այստեղ հատկապես կկարևորվի հանրային իրազեկվածության բարձրացումը»,-նշեց նա։
«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ ղեկավար Անուշ Ասլանյանը նշեց, որ նրանք արդեն վեց տարի է, ինչ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում են: «Առաջին խնդիրը վերաբերվում է դեղերին և գնումների գործընթացին: Երբ դեղն արտադրում է միայն մեկ կազմակերպություն, և այնպես է ստացվում, որ այդ կազմակերպությունը կարող է չմասնակցել պետության կողմից կազմակերպված մրցույթին, հետևաբար պետությունը չի կարողանում այդ դեղը գնել: Պետք է ուշադրություն դարձնել նաև դեղերի որակին ու քանակին, որպեսզի չստացվի, որ անիմաստ գումար է ծախսվում»:
Մասնակիցները հույս հայտնեցին, որ քննարկումները կբերեն լավագույն արդյունքի և ԲԿԳ ազգային գործողությունների 5-րդ ծրագիրը կնպաստի կառավարման համակարգի բարելավմանը և կբարձրացնի պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: