Commitment to Constructive Dialogue

«Բաց կառավարման գործընկերության» ազգային գործողությունների 5-րդ ծրագրի մշակման շրջանակներում հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով առցանց քննարկում․ սոցիալական ոլորտ

Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել առցանց քննարկում հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով՝ նվիրված «Բաց կառավարման գործընկերության» (ԲԿԳ) ազգային գործողությունների 5-րդ ծրագրի մշակմանը»՝ սոցիալական ոլորտի վերաբերյալ։

Միջոցառումը կազմակերպվել է «Աջակցություն 2020-2022թթ. ԲԿԳ գործողությունների ազգային ծրագրի համատեղ ստեղծմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն», «Իրավաբանների հայկական ասոցիացիա» և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից՝ «ԲԿԳ» Առաջակցության ստորաբաժանման աջակցությամբ։ 

Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, խթանել վերջինիս արդյունավետությունը՝ բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: Հիշյալն իրականացնելու համար կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մշակում են գործողությունների պլաններ՝ սահմանելով հստակ միջոցառումներ, որոնք ուղղված են Նախաձեռնության նպատակների նվաճմանը։

 

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Անի Հարությունյանը իր բացման խոսքում նշեց, որ «Արմավիրի զարգացման կենտորն» ՀԿ-ն ձևավորել է կոնսորցիում Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ՝ աջակցելու ԲԿԳ 5-րդ ծրագրին, կառավարությանը դարձնելու առավել հաշվետու: 

Նա նշեց, որ 2018թ. «Արմավիրի զարգացման կենտրոնը» Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացրել է ծրագիր՝ նվիրված «Բաց կառավարման գործընկերության» ազգային գործողությունների 4-րդ ծրագրի համատեղ մշակմանն ու իրականացմանը: Ծրագրի նպատակն է եղել ստեղծել տեղական և ազգային մակարդակով հանձնառությունների փաթեթ, որը կնպաստեր Կառավարության գործունեության հրապարակայնությանը, թափանցիկությանը, մասնակցայնությունը: Նա նշեց, որ 5-րդ ծրագրի մեկնարկին կարևոր են համարում բարելավել ծրագրի համատեղ մշակման գործընթացը, ապահովել բազմակողմ՝ շահագրգիռ կողմերի երկխոսություն և հետադարձ կապ, բարձրացնել ԲԿԳ խնդիրների մասին իրազեկվածության մակարդակը: 

 

ԲԿԳ տարածաշրջանային ծրագրի ղեկավար Մարինա Մխիթարյանը տեղեկացրեց, որ ԲԿԳ-ն սկսում է Արևելյան գործընկերության երկրների համար նոր ծրագիր: Նախկինում Հայաստանը ներառված էր Ասիա-Խաղաղ օվկիանոսյան երկրների շարքում, սակայն մշակույթով և կառավարման փորձով առավել մոտ էր եվրոպական երկրներին: Այդ իսկ պատճառով հիմա Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան ներառվել են ԱԼԳ նոր շրջանակներում: Ադրբեջանի անդամությունը կասեցված է, Բելառուսը դեռ անդամ չէ: 

Նա նշեց, որ այս պլատֆորմի գրասենյակը՝ ԲԿԳ աջակցության գրասենյակը հունվարից ղեկավարելու է ինքն անձամբ: Հասարակական կազմակերպությունների համար ունենալու են դրամաշնորհային ծրագրեր: Այսինքն, հանձնառությունների մոնիթորինգի գործիքները կտրվեն հասարակական կազմակերպություններին: Այս մասով դրամաշնորհների հայտերը կտարածվեն գարնանը:

Երկրորդ ուղղությունը հետազոտական է: Սրա շրջանակներում խրախուսվելու է ԲԿԳ տարբեր ոլորտների, Հայաստանի մասին հետազոտություններ: Նաև նախաձեռնվելու է Կառավարությունների երկխոսության, փորձի փոխանակման հարթակ:

ԲԿԳ սոցիալական ոլորտի հանձնառության՝ Հայաստանի կողմից կատարումը ներկայացրեց Լիլիա Աֆրիկյանը, որի խոսքով՝ չորրորդ ծրագրի մեկ սոցիալական հանձնառությունը իրենց փոխանցվել է դեռևս նախորդ՝ երրորդ ծրագրից: Չկատարման պատճառը ֆինանսական էր, որը զուգորդվեց նաև Կառավարության փոփոխություններով և նոր մարտահրավերներով: Այս հանձնառության պատասխանատուն Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենն էր, ով 2020թ. փոխվեց:

Հանձնառությունը վերաբերվում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում իրականացվող 80 սոցիալական ծրագրերի աջակցությանը: Ծրագրերը բազմաբնույթ են, ենթադրում են բիզնես գործընթացներ, որոնց մասին տեղեկատվությունը հանրությանը հասանելի չէ: Առկա է անհրաժեշտություն հանրության շրջանակներում սոցիալական անվտանգության մասին կայուն, ամբողջական տեղեկատվության ապահովել, որը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, պետական պաշտոնատար անձանց կողմից չարաշահումները: 

«Ներդրվող գործիքների միջոցով անձինք ինքնուրույն կարող են կառավարել իրենց սոցիալական ծառայությունների հասանելիության ցուցիչը, ինքնուրույն հաշվել իրենց սոցիալական կարգավիճակը, ծանոթանալ տարատեսակ նպաստներ ստանալու պայմաններին: Համակարգը պետք է ներդրվեր օգտագործման համար մատչելի կառուցվածքով: Այստեղ բավականին ծավալուն աշխատանքներ պետք է իրականացվեին և ամենակարևորը, պետք է լիներ հետադարձ կապի գործիքը, որի միջոցով շահառուն կկարողանար գնահատել ու ներկայացնել խնդիրը, որին ինքը հանդիպել է ծառայությանը դիմելիս կամ օգտվելիս, կամ էլ հետո: 

Արդեն գործող e-social.am համակարգում պետք է ներդրվեր open & social հատվածը, որտեղ ծառայություն մատուցող կազմակերպությունները կունենային նաև ռեյտինգ՝ հիմնված քաղաքացիների գնահատականների վրա: Ռեյտինգի հիման վրա մատուցվող ծառայությունները կվերանայվեին»,-նշել է նա:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի ծրագրային փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց սոցիալական ոլորտի հիմնական խնդիրները:

Նա ներկայարեց Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության առաջին կիսամսյակի որակական և քանակական մոնիթորինգի արդյունքները՝ շեշտադրումներ կատարելով սոցիալական ոլորտի կատարողականին։ Ըստ նրա՝ այս ոլորտի երկու գործողություն գնահատվել է որպես մասամբ կատարված, քանի որ սպասվող արդյունքը չի նվաճվել,  ինչպեսև համապատասխան օրենսդրական փոփոխությունները չեն իրականացվել։

«2020թ. ԻՀԱ կողմից իրականացված որակական և քանակական արդյունքների մոնիթորինգի արդյունքում պարզվեց, որ այս ոլորտում նախատեսված են երեք գործողություններ, որոնցից երկուսը նախատեսված են եղել 2020թ. երկրորդ կիսամյակի համար, որոնք մասամբ կատարված էին, մյուս գործողությունը պետք է պարբերաբար իրականացվի:

 

Այսպես, առաջին գործողությունը եղել է՝ օրենսդրորեն նախատեսել երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների աջակցման կարգը, պայմանները և մեխանիզմները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տեղեկության համաձայն՝ 2020թ. մայիսին հաստատվել է «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ. ծրագիրը», հուլիսին հաստատվել է կնքվելիք պայմանագրի օրինակելի ձևը»,-նշել է նա:

Սողոմոնյանի խոսքով՝ կարևոր է նաև առցանց դիմումի հիման վրա աշխատող կենսաթոշակառուի կենսաթոշակը վերահաշվարկելն ապահովող ենթահամակարգի մշակումը և գործարկումը․ «Այս մասով գործողության կատարումը հետաձգվել է։ 

Երրորդը՝ ավելացնել պետական կենսաթոշակների չափերը: Այս մասով կատարված փոփոխությունների արդյունքում ապահովվել է միջին կենսաթոշակի 10%-ի չափով աճը: Քանի որ այս գործողության ներքո ակնկալվում էր նաև գործարկել առցանց դիմումի հիման վրա աշխատող կենսաթոշակառուի կենսաթոշակը վերահաշվարկելու ենթահամակարգը, գործողությունը գնահատվել է մասամբ կատարված»։

Լիլիա Աֆրիկյանը նշեց, որ ստեղծվելու է համակարգ, որտեղ ինքնաշխատ կերպով հնարավոր կլինի պարզել սոցիալական ծառայություններ մատուցող ինչպիսի կազմակերպություններ կան, ինչպես դիմել, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ և այլն: 

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Մովսես Արիստակեսյանը նշեց, որ հաշվետվողականության առումով կարևոր է, որ շահառուները տան ծառայության կատարման գնահատականը: Այսպիսի գործիք ևս մշակված չէ: 

«Մոնիթորինգի առումով կարևոր է հասկանալ, որ ՔՀԿ-ները, կապ հաստատելով շահառուների հետ, հետազոտությունների միջոցով հասկանում են, թե ինչպես են գնահատում շահառուները ստացված ծառայությունները և ներկայացնում են ամփոփ տեղեկատվություն, որն արդեն ունենում է բարձր ապացուցողական մակարդակ»-նշեց նա:

Արիստակեսյանի խոսքով՝ կենսաթոշակի իրավունքի իրացումը չի ապահովվում: Էլեկտրոնային կառավարման դարում հարկ է մշակել այնպիսի համակարգ, որ քաղաքացին անձամբ չներկայացնի իր փաստաթղթերը: 

«Օրինակ, Կովիդ19-ի պայմաններում ԱՄՆ-ում մնացած անձը կարողանա էլեկտրոնային կարգով ուղարկել փաստաթղթերը և իրացնել իր իրավունքը»,-նշեց նա:

«Երիտասարդ Տավուշ» ՀԿ-ի նախագահ Մանուշ Մարալչյանը առաջարկում է ստեղծել տվյալների էլեկտրոնային շտեմարան (բազա), որտեղ կարձանագրվի յուրաքանչյուր ընտանիքի վերաբերյալ տեղեկատվություն և այդ ընտանիքի համար կատարված աշխատանքը, այդ թվում նաև տրամադրված աջակցությունը: 

«Բազան կաշխատացնի համայնքապետարանը և հաշվետու կլինի մարզպետարանին, ինչը հնարավորություն կտա ցանկացած ժամանակահատվածի կտվածքով վերհանել սոցիալապես անապահով ընտանիքերի հետ կատարված աշխատանքները և դրանց արդյունավետությունը, ինչպես նաև վիճակագրություն վարել, ինչը կհեշտացնի նաև կատարված աշխատանքի գնահատումը»,-նշել է նա:

Մարալչյանը առաջարկեց հնարավորինս համապատասխանեցնել սոցիալական աշխատողների պարտականությունների ծավալը և դրանց համար օրենքով նախատեսված ֆինանսական, նյութատեխնիկական ռեսուրսները:

«Առաջարկում ենք իրականացնել շարունակական վերապատրաստումներ սոցիալական աշխատողների համար և ներմուծել սոցիալական աշխատողների լիցենզավորում, քանի որ շահառու ընտանիքիների հետ, մասնավորապես տունայցերի դեպքում, պետք է աշխատեն որակյալ մասնագետներ»,-նշել է նա:

Քննարկման մասնակիցները պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հետագա աշխատանքի հետ կապված։