Commitment to Constructive Dialogue

Կառավարությունը պարտավոր է անհապաղ հրապարակել ՀՀ սահմանազատմանը վերաբերող փաստաթղթի բովանդակությունը. Իրավաբանների հայկական ասոցիացիա

Երեկ համացանցում հրապարակվեց մի փաստաթղթի նախագծի բովանդակության որոշ հատված, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության սահմանազատմանը։ Այս տեղեկությունների իսկությունը հաստատվեց այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում։

ՀՀ կառավարությունը պարտավոր է անհապաղ հրապարակել ՀՀ սահմանազատմանը վերաբերող փաստաթղթի նախագծի բովանդակությունը և առանց ՀՀ քաղաքացիների համաձայնության՝ ՀՀ-ի անունից չստորագրել այնպիսի փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն վերաբերում են և վտանգում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը։

Վերոնշյալ հարցերում ՀՀ կառավարության կողմից որդեգրած ոչ թափանցիկ, ոչ հաշվետու և ոչ ճիշտ գործելաոճը ոչ միայն խորացնելու է կառավարության նկատմամբ ՀՀ քաղաքացիների անվստահությունը, չի կանխելու ՀՀ քաղաքացիների իրավունքների նոր խախտումները, այլ նաև` պարարտ հող է ստեղծելու ՀՀ քաղաքացիների իրավունքների առավել կոպիտ և զանգվածային խախտումների համար։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհուրդ

20.05.2021թ.