Commitment to Constructive Dialogue

Հուլիսի 9-ին քաշաթաղցիները ՀՀ կառավարության շենքի դիմաց կկազմակերպեն բողոքի հանրահավաք

«Վերադարձ Դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության գրասենյակում հուլիսի 6-ին կայացել է կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստը, որին հրավիրված Էր նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: 

Նիստի ընթացքում քննարկվեցին Բերձոր, Սուս, Աղավնո համայնքների բնակիչների կարգավիճակի, Արցախի Հանրապետության Քաշաթաղի վարչական շրջանից տեղահանված անձանց ՀՀ-ում բնակարաններով ապահովելու,  քաշաթաղցիների վարկերի մարման և այլ ընթացիկ հարցեր:

Նիստի ընթացքում ելույթով հանդես եկավ Կարեն Զադոյանը, ով քաշաթաղիներին առաջարկեց միասնական ճակատով հանդես գալ իրենց խախտված իրավունքների պաշտպանության նպատակով` օգտագործելով բոլոր օրինական մեխանիզմները` սկսած բողոքի խաղաղ ակցիաներից մինչև իրենց իրավունքների դատական պաշտպանությունը:

«Վերադարձ Դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության խորհրդի նիստի ընթացքում որոշվեց «Վերադարձ Դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության, «Կումայրի» արցախահայերի  հասարակական կազմակերպության և Արցախի Հանրապետության Քաշաթաղի վարչական շրջանի համայնքների ղեկավարների միասնական ուժերով սույն թվականի հուլիսի 9-ին ժամը 11-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց հրավիրել բողոքի հանրահավաք` Արցախի Հանրապետության Քաշաթաղի վարչական շրջանից տեղահանված անձանց ՀՀ-ում բնակարանային ապահովման խնդիրների լուծման պահանջով, որի ընթացքում հանրահավաքի կազմակերպիչները պատրաստվում են հանրահավաքի մասնակիցների անունից ՀՀ վարչապետին հանձնել հետևյալ պահանջ/գրությունը. 

«ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին․

Հարգելի պարոն Փաշինյան,

Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների կողմից 2020 թ. նոյեմբերի 10-ի գիշերը ստորագրած եռակողմ համաձայնագրի համաձայն Արցախի Հանրապետության Քաշաթաղի վարչական շրջանից շուրջ 3000 (երեք հազար) ընտանիք տեղահանվել և ժամանակավոր բնակություն  է հաստատել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում՝ հայտնվելով ծանր կացության մեջ։ 

Նշենք նաև, որ Արցախի Հանրապետության Քաշաթաղի վարչական շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբնակեցումը նախկինում կատարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա և Հայաստանի Հանարապետության կառավարությունը վերը նշված համաձայնագրի ստորագրման փաստի ուժով պատասխանատվություն է կրում տեղահանված քաշաթաղցիների կորցրած անշարժ գույքի, այդ թվում բնակելի անշարժ գույքի  համար:

Չունենալով հիմնական կեցության վայր, ներկայումս, Արցախի Հանրապետության Քաշաթաղի վարչական շրջանից տեղահանված ընտանիքները բնակվում են հասարակական նշանակության լքված վայրերում, վարձակալությամբ, հարազատների տներում՝ զրկված անհրաժեշտ կենսական պայմաններից և միջոցներից։

Շուրջ վեց ամիս է, ինչ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում գործում է Արցախի վերականգնման հարցերով աշխատանքային խումբը, որի նիստերին սույն թվականի փետրվարի 17-ից մասնակցում են նաև քաշաթաղցիների երկու ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի նիստերի ընթացքում քննարկել են նաև Արցախի Հանրապետության Քաշաթաղի վարչական շրջանից տեղահանված անձանց բնակարանային խնդրի լուծման տարբերակները, սակայն մինչ այս պահը ՀՀ կառավարությունը որևէ առարկայական լուծում չի տվել քաշաթաղցիների բնակարանային խնդրի լուծմանը:

Խնդրում ենք, մինչև 2020 թ. հուլիսի 15-ը, ՀՀ կառավարության որոշմամբ լուծել Արցախի Հանրապետության Քաշաթաղի վարչական շրջանից Հայաստանի Հանրապետություն տեղահանված անձանց բնակարանային ապահովման խնդիրները` դիտարկելով նաև նրանց կողմից կորցրած բնակելի անշարժ գույքի դրամական փոխհատուցման հնարավորությունը:  

Տեղեկացնում ենք նաև, որ հետայսու նույնպես, Արցախի Հանրապետության Քաշաթաղի վարչական շրջանից տեղահանված անձինք շարունակելու են բոլոր հնարավոր օրինական միջոցներով պաշտպանել իրենց խախտված իրավունքները:

Արցախի Հանրապետության Քաշաթաղի վարչական շրջանի բնակչության անունից ․

  • «Վերադարձ Դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի գործադիր տնօրեն` Կարինե Մովսեսյան,
  • «Կումայրի» արցախահայերի  ՀԿ-ի գործադիր տնօրեն` Արտավազդ Խանդոյան,
  • Արցախի Հանրապետության Քաշաթաղի վարչական շրջանի համայնքների ղեկավարներ․․․։