Commitment to Constructive Dialogue

Հայտարարություն. Հայաստանի հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի N 723-Լ և 2022 թվականի հունիսի 23-ի N 932-Լ որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կոչ է անում ՀՀ Կառավարության անդամներին չհաստատել  և ընթացք չտալ ՀՀ արդարադատության նախարարության հանրային քննարկումների պաշտոնական կայքէջում (https://www.e-draft.am/projects/4885) հանրային քննարկման դրված ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ կառավարության որոշման նախագծին (այսուհետ՝ Նախագիծ), որով փոփոխություններ է նախատեսվում ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման» վերաբերյալ թիվ N 723-Լ որոշման մեջ, (այսուհետ՝ Միջոցառում):

 

Ինչպես այդ Նախագիծը, այնպես էլ դրանով վկայակոչված ՀՀ կառավարության որոշումները, որոնցով շոշափվում են ՀՀ բազմահազար քաղաքացիների իրավունքները, չեն անցել որևէ հանրային քննարկման փուլ մասնագիտական հանրության որևէ հարթակում, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդում: Ավելին, այդ Նախագիծը դիտել են ընդամենը 574 օգտատեր, որոնցից միայն 2-ն են տվել առաջարկություններ, որոնցից ոչ մեկի վերաբերյալ  դիրքորոշում չի արտահայտվել և դրանք չեն ընդունվել: Նախագծի վերաբերյալ Կոալիցիայի անդամ «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության դիրքորոշումն ու առաջարկությունները նույնպես չեն քննարկվել: 

 

Հաշվի առնելով աշխարհում ստեղծված ներկայիս աշխարհա-քաղաքական ու սոցիալ-տնտեսական իրավիճակը, գնահատելով ՀՀ կառավարության նախաձեռնողականությունը և հնարավոր բարի ցանկությունները, այդ թվում նաև ուղղված կենսաթոշակառուների օժանդակությանը, սույն Նախագիծն անընդունելի ենք գտնում՝ դրա հակասահմանդրականության և ՀՀ քաղաքացիների տարբեր սոցիալական խմբերի միջև խտրական ու անհավասար լինելու հիմքով և  ելնելով դրանց՝ հասարակության տարբեր շերտերը տարանջատելու և միմյանց նկատմամբ անբարյացակամություն սերմանալու վտանգավոր հեռանկարներից։

 

 Սույն նախագիծը ոչ թե լուծում է ՀՀ կենսաթոշակառուների ու նպաստառուների առջև ծառացած լուրջ սոցիալական խնդիրները՝ գնաճային ճնշումների ու աղքատության խորացման ու սրացման պայմաներում, այլ՝ առաջ է մղվում իշխանությունների կողմից վարվող իբր արդար ու հավասար սոցիալական քաղաքականությունը:

Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրության իրավակարգավորումները՝ գտնում ենք, որ ՀՀ կառավարության N 723-Լ որոշումն ու դրանով հաստատված Միջոցառումը ըստ էության հակասահամանադրական են, հակասում են դրա 1, 11, 28, 29 հոդվածներով սահմանված իրավակարգավորումներին և ըստ այդմ չեն ապահովվում.

  • Միջոցառման պոտենցիալ շահառու հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիների ընդհանուր տնտեսական բարեկեցությունը և երկրում սոցիալական արդարությունը,
  • Միջոցառման պոտենցիալ շահառու հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիների հավասարությունը օրենքի առջև,
  • Սահմանում է լուրջ Խտրականություն՝ կախված Միջոցառման պոտենցիալ շահառուների գույքային վիճակից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

Վերոհիշյալի հետ մեկտեղ, չեն կատարվել ՀՀ կառավարության նշված որոշման բազմաթիվ կետեր և չեն ապահովվել Միջոցառման հիմնական նպատակներն ու ակնկալիքները: Այսպես․

  1. Միջոցառման մեջ ներգրավվել են ՀՀ-ում ներկայումս գործող բոլոր 17 առևտրային բանկերից միայն 4-ը,
  2. Միջոցառման գործողությունը տարածվում է ոչ թե ՀՀ բոլոր կենսաթոշակառուների ու նպաստառուների վրա, այլ դրանց սոսկ 9 տոկոսի՝ ծրագրին միացած 4 առևտրային բանկերի քարտապանների վրա,
  3. չի ապահովվել Միջոցառման իրականացման հիմնական նպատակը՝ բարձրացնել կենսաթոշակառուների գնողունակությունը` հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելիս,
  4. չի ապահովվել Միջոցառման իրականացման լրացուցիչ նպատակը՝ խթանել անկանխիկ եղանակով գործարքների կատարումը Հայաստանի Հանրապետությունում, ավելացնել սպառողների, մասնավորապես, կենսաթոշակառուների և սոցիալական խոցելի խմբերի կողմից ֆինանսական ժամանակակից գործիքների և տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքները, մեծացնել նշված գործիքների կիրառելիության տարածվածությունը,
  5. այդ նպատակների չիրագործելու արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների[1], Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում 2022 թ. հոկտեմբեր ամսին անկանխիկ գործարքներ է կատարել շուրջ 50,000 կենսաթոշակառու և նպաստառու, որոնք կատարած գործարքների դիմաց ստացել են ընդհանուր առմամբ շուրջ 168 մլն դրամ հետվճար։ Այսինքն՝ Միջոցառումից օգտվել են ՀՀ կենսաթոշակառուների սոսկ 9 տոկոսը:
  6. Միջոցառման պոտենցիալ շահառու հանդիսացող 510 հազար կենսաթոշակ ստացող անձինք, ովքեր կենսաթոշակն ստանում են անկանխիկ եղանակով, չեն կարողացել օգտվել Միջոցառման հնարավորություններից:
  7. Վերոհիշյալի արդյունքում, ըստ էության, չի արդարացվել Միջոցառման իրականացման ակնկալիքը՝ այն է, որ միջոցառման փաստացի շահառու կդառնա և առնվազն 3 ամիս անընդմեջ կստանա նախատեսված հետվճարը բանկային քարտով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների 80%-ը` մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

ՀՀ պաշտոնական տվյալների հիման վրա, ըստ մեր գնահատման, 2022 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ հետվճար են ստացել 50 հազար պոտենցիալ շահառուներ, ինչը կազմում է դրանց թվի սոսկ 12 տոկոսը:

 

Ելնելով վերոհիշյալից, առաջարկում ենք.

  1. Նախագիծը հետ ուղարկել կառավարություն և
  2. Կասեցնել.
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցա­ռումը հաստատելու մասին» N 723-Լ որոշման գործողությունը,
  • վերոհիշյալ որոշմամբ հաստատված Միջոցառման գործողությունը,
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 23-ի N 932-Լ որոշման գործողությունը,
  1. Միջոցներ ձեռնարկել.
  • Հայաստանի Հանրապետության կառավարության վերահիշյալ որոշումներն ու Միջոցառումը ՀՀ սահմանադրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ՝ դրանք հասանելի դարձնելով Միջոցառման պոտենցիալ բոլոր շահառուներին,
  • շտապ քայլեր ձեռնարկել ՀՀ-ում բոլոր գործող առևտրային բանկերին Միջոցառման իրականացմանը ներգրավելու ուղղությամբ՝ բոլորի, առանց բացառության, հետ կնքելով համապատասխան պայմանագրեր,
  • վերոհիշյալ որոշումներով չսահմանափակել Միջոցառման պոտենցիալ շահառուների կողմից կենսականորեն անխուսափելի սոցիալական ու կենցաղային բոլոր ծառայությունների դիմաց անկանխիկ գործարք կատարելու իրավունքն ու հնարավորությունները:

 

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ

26.12.2022թ.

[1] https://www.mlsa.am/?p=38577