Commitment to Constructive Dialogue

Տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան Քաղաքացիական հասարակության պլատֆորմի երկրորդ հանդիպումը

2023 թվականի մարտի 10-ին Երևանում կայացել է Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ) նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի երկրորդ հանդիպումը։

Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել Պլատֆորմի համանախագահողներ Լուսինե Հակոբյանը եւ Իոնուտ Սիբիանը։

ՀԸԳՀ իրականացման վերաբերյալ իրենց գնահատականներն են ներկայացրել Հայաստանի Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, Եվրոպական հանձնաժողովի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության համակարգման բաժնի ղեկավար Դեյվիդ Քալլենը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի բաժնի ղեկավար Դորոտա Դլաուչի-Սուլիգան։

Պլատֆորմի համանախագահող Լուսինե Հակոբյանը, ինչպես նաև Պլատֆորմի անդամներ Գագիկ Մակարյանը (Գործատուների հանրապետական միություն) և Աննա Բարիկյանը (Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ) ներկայացրել են, թե ինչ քայլեր է ձեռնարկել Պլատֆորմը՝ Հայաստանի իշխանությունների կողմից ՀԸԳՀ իրականացման մշտադիտարկման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև «Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների ազդեցությունը ՀԸԳՀ իրականացման վրա» խորագրով քննարկում, որին, ի թիվս այլոց, մասնակցել են նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Հանդիպման մասնակցել է նաև ԵՄ-Հայաստան Քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամ Մարատ Ատովմյանը, որը պլատֆորմում ընտրվել է որպես Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ։ Վերջինս Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինից հետաքրքրվել է, թե ինչպես է Եվրոպական միության պատվիրակությունը համակարգում Հայաստանում ֆոնդերի տրամադրման գործընթացը Եվրոպական միության դեսպանությունների կողմից, հաշվի առնելով, որ վերջին շրջանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից դժգոհություններ են ներկայացվել այդ գործընթացի թափանցիկության վերաբերյալ։

Հանդիպման ավարտին ԵՄ–Հայաստան Քաղաքացիական հասարակության պլատֆորմն ընդունեց հռչակագիր:

Լուսանկարը՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության էջից։