Commitment to Constructive Dialogue

Ազդարարման համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման սեմինար՝ Շիրակի և Արագածոտնի մարզերի ներկայացուցիչների համար

Նոյեմբերի 1-ին Իրավաբանների հայկական ասոցիացիան, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցը՝ Եվրոպական միության և «Բաց կառավարման գործընկերություն․ Եվրոպա» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում անցկացրեցին հանրային իրազեկման առցանց սեմինար Շիրակի և Արագածոտնի մարզերի հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների, փաստաբանների և այլ շահագրգիռ անձանց համար։

Սեմինարը միտված էր ազդարարման համակարգի վերաբերյալ հանրության իրազեկման բարձրացմանը՝ օժանդակելով ազդարարման համակարգի բարելավմանը և նպաստելով ազդարարների վերաբերյալ Հայաստանում հանրության շրջանում ձևավորված իրավամտածողության և մշակույթի փոփոխմանը՝ ձգտելով ազդարարի՝ որպես ՀՀ քաղաքացու դրական և պահանջատեր կերպարի կերտմանը։

Հանրային իրազեկման սեմինարին բացման խոսքով հանդես եկավ «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի ղեկավար Արտակ Սարիբեկյանը, որը ողջունեց առցանց սեմինարին միացած մասնակիցներին՝ հատկանշական համարելով համակարգի վերաբերյալ նոր տեղեկատվություն ստանալու իրենց պատրաստակամությունը։

Սեմինարին բանախոսեց «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը։ Նա նախ ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում ազդարարումը, ովքեր են ազդարարները, և ապա խոսեց ազդարարման այն էլեկտրոնային հարթակների մասին, որոնք գործարկվում են Հայաստանում։ Բանախոսը քայլ առ քայլ ներկայացրեց, թե ինչպես կարող են անձինք հայտ ներկայացնել հարթակներում՝ և՛ անանուն, և՛ անձնական տվյալները ներկայացնելու եղանակով։ Ներկայացվեցին նաև ազդարարման համակարգում առկա խնդիրները։

Այնուհետև սեմինարի մասնակիցների հետ քննարկում անցկացվեց, որի ընթացքում նրանք հայտնեցին իրենց կարծիքները՝ ազդարարման համակարգի մասին։ Հավաքագրվեցին ազդարարման համակարգի բարելավմանն ուղղված առաջարկություններն և գաղափարները։

Արագածոտնի մարզի «Առաջընթաց» երիտասարդական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Նարեկ Բոցինյանը հարց բարձրացրեց, թե արդյոք լինում են այնպիսի դեպքեր, երբ ազդարարման տարբեր հարթակներում նույն բովանդակությամբ հաղորդումներ են տրվում և այդպիսի դեպքերում արդյոք տրվում է առաջնահերթություն ազդարարման որևէ էլեկտրոնային հարթակի։ Ինչպես նաև հետաքրքրվեց, թե վերջնարդյունքում ում վերահսկողության տակ է անցնելու haytnir.am ազդարարման էլեկտրոնային հարթակը։

Գյումրիից «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը կարևոր համարելով ազդարարման համակարգի իրազեկմանը միտված սեմինարները՝ առաջարկեց իրականացնել նաև առկա ձևաչափով հանդիպումներ մարզերում, ներգրավելով նաև ազդարարման գծով մարզային պատասխանատուներին, որպեսզի հասարակությանը փորձենք զերծ պահել ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցների և անհատների կողմից տարածվող սուտ մատնություններից և վստահություն սերմանել ազդարարման պաշտոնական հարթակների հանդեպ։

Համացանցով իրականացվող հանրային իրազեկման ակցիաների վերաբերյալ մասնակիցների հարցերին պատասխանեց ծրագրի շրջանակներում իրազեկման պատասխանատու Ալիսա Չիլինգարյանը, ով խոսեց հանրային իրազեկմանն ուղղված աշխատանքի և ազդարարման համակարգի վերաբերյալ համացանցում տեղ գտած նյութերի մասին։ Մասնակիցներին մի շարք նյութերի ակտիվ հղումներ տրամադրվեցին՝ դրանց ծանոթանալու նպատակով։

Դիտարկմամբ հանդես եկավ նաև «Արմտումար» կրթական-ստեղծագործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տաթևիկ Գրիգորյանը, ում կարծիքով շատ կարևոր է նաև ազդարարման հարթակներում ներառել առցանց անմիջական հաղորդակցման բաժիններ, որտեղ մասնագետները հայտը ներկայացնելու հետ կապված խնդիրների դեպքում հաղորդում ներկայացնել ցանկացող անձանց ուղղորդումներ ցույց կտան։