«Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի նախագիծը վերջին պահին փոխվել է և դրանում ամրագրվել է սահմանափակ անդամություն ունեցող կազմակերպությունների գաղափարը․ «Կազմակերպությունները կարող են իրենց կանոնադրություններով որոշել ու ֆիլտրեր դրել, որոնք երկու տիպի են՝ քանակական և որակական, որակական ֆիլտրերը հին օրենքում նույնպես առկա էր, օրինակ՝ մասնագիտական կազմակերպությունների անդամ կարող են լինել միայն իրավաբանները, արդեն ֆիլտրվում է՝ այլ անձիք չեն կարող լինել, ներկայումս նման ֆիլտրեր կարելի է դնել, իսկ քանակականի պարագայում, կարող եք որոշել, որ ձեր կազմակերպությունը գիտահետազոտական կազմակերպություն է և ձեզ պետք չէ, որ դրսից որևէ անձիք անդամակցեն և ազդեցություն ունենան»,- այս մասին այսօր՝ մայիսի 17-ին «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ դասընթացի շրջանակում ասաց «Կառուցողական երկխոսության հանձնառություն ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։ Դասընթացը տեղի ունեցավ Գեղարքունիք մարզկենտրոնում՝ Գավառ քաղաքում։
Պարոն Զադոյանն անդրադարձավ կազմակերպությունների հիմնադիր ժողովի կարգավորումներին՝ նշելով․ «Կազմակերպության հիմնադրման որոշումը պետք է ընդունվի միաձայն, եթե երկու հոգի են, մեկը դեմ եղավ, ապա չի հիմնադրվի կազմակերպությունը»։
Ըստ բանախոսի՝ տարածական մեկնաբանումների առիթ է տալիս կազմակերպության բարձրագույն մարմնի ժողովի արձանգրությունում դրա անցկացման վայրի մասին տեղեկատվությունը․ եղել են դեպքեր, երբ գրանցող մարմինը պահանջել է, որ արձանագրությունում ոչ միայն ամրագրվի ժողովի անցկացման վայրը, այլ նաև հասցեն, ինչ ըստ բանախոսի իրավաչափ չէ: «Եթե դուք նշում եք, որ կազմակերպության բարձրագույն մարմնի ժողովը տեղի է ունեցել Գավառում, դա բավակա է, եթե կցանկանաք լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել գրանցող մարմնին, ապա օրենքը դա թույլ է տալիս։ Բացի այդ, պետք է նշել նաև հիմնադիր ժողովին մասնակցած անձանց անունները, քանակը, ժողովի օրակարգը, արդյունքներն ու որոշումները»,- հայտնեց ծրագրի ղեկավարը։
ՀԿ-ների մասին նոր օրենքի շրջանակներում բազմիցս քննարկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դրույթը, Կարեն Զադոյանն այսօր Գավառում այս հարցին մոտեցավ այլ տեսանկյունից, նա խնդիրը դիտարկեց «Շահութարկի մասին» օրենքի տեսանկյունից․ «Օրենքն ամրագրում է, որ անհատույց ակտիվները, այդ թվում անադմավճարները եկամուտներ չեն համարվում, այսինքն՝ շահութահարկով չեն հարկվում, նաև սպառվում է այդ անհատույց ակտիվները, այդ թվում անդամավճարները` ծախս չի համարվում։ Դուք ծառայություն եք մատուցում ձեր շահառուների համար, ՊԵԿ-ի պաշտոնյաները հակված են, որ դրամաշնորհային միջոցները պետք է շահութահարկով հարկվեն, այստեղ լուրջ խնդիր է առկա ՀԿ-ների մասով, որովհետև բոլորն իրենց շահառուներին ծառայություններ են մատուցել ու այսքան տարիների ընթացքում այն շահութահարկով չի հարկվել, բայց օրենքի մեկնաբանմամբ բոլոր կազմակերպությունները, որոնք երրորդ անձանց համար ծառայություններ են մատուցում, պետք է դիտարկվեն այդ դրույթի ներքո, ընդ որում՝ խոսքը գնում է անվճար ծառայությունների մասին»,- հայտնեց Կարեն Զադոյանը։
Դասընթացին մասնակցող հասարակական կազմակերպությունների անդամներն այս հանգամանքը որակեցին որպես լուրջ խոչընդոտ՝ շեշտելով, որ հասարակական դաշտը պետք է այդ ուղղությամբ միասնական կարծիքով հանդես գա։
Դասընթացի ավարտին Կարեն Զադոյանը ՀԿ-ների մատուցեց անվճար իրավաբանական խորհրդատվություն իրենց կանոնադրությունների փոփոխությունների կատրման, ինչպես նաև իրենց հուզող այլ իրավական հարցերի վերաբերյալ:
Նշենք նաև, որ դասընթացներն տեղի են ունենում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում։ Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
Գևորգ Թոսունյան
Ալեքսանդր Սարգսյան