Ընդհուպ մինչև գործունեությունը դադարեցնելու և այլ իրավական հետևանքներ կարող են առաջ գալ, եթե հասարակական կազմակերպությունները (ՀԿ) չկատարեն այն պարտականությունները, որոնք ներառված են «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքով. կատարված մի շարք օրենսդրական փոփոխությունները այսօր Գորիսում կազմակերպված դասընթացի ժամանակ ներկայացրեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
Նշենք, որ 2016 թվականի դեկտմբերի 16-ին Ազգային ժողովն ընդունեց «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքը, որն ուժի մեջ մտավ 2017թի փետրվարի 4-ին։
Ի՞նչ փաստաթղթեր և այլ պահանջներ են ներկայացվում, եթե ցանկանում եք գրանցել նոր ՀԿ կամ ցանկանում եք փոփոխություն կատարել ՀԿ-ի անվունը, գրանցման վայրը և այլ տվյալներ, կանոնադրության մշակման ի՞նչ կարևոր պայմաններ կան, ի՞նչ խնդիրների առջև կարող եք կանգնել, եթե կանոնադրությունը չի համապատասխանում օրենքի դրույթներին, և այլ կարևոր նրբություններ ներկայացվեցին ՀԿ ներկայացուցիչներին:
Օրինակ, անհրաժեշտ է կանոնադրության մեջ հստակ սահմանել այն դեպքերը, թե որ հիմքերով պետք է հեռացվի ՀԿ անդամը: Պրակտիկայում եղել են դեպքեր, երբ ՀԿ-ից հեռացված անդամը դիմել է դատարան և վերականգնել է իր անդամությունը՝ կանոնդարության մեջ հեռացման հիմքերի վերաբերյալ ամրագրումների բացակայության հետևանքով:
Հատուկ կարգավորումներ են սահմանված նաև անչափահաս անդամներ ունենալու դեպքում:
Կարևոր է նաև այն, որ ՀԿ անդամի բողոքի դիմումը կարող է հիմք լինել լիազոր մարմնի համար ՀԿ-ում ստուգումներ սկսելու համար: Ի դեպ, եթե նախկինում լիազոր մարմինը արդարադատության նախարարությունն էր, ապա ներկայումս պետական եկամուտների կոմիտեն է:
Կան խնդրահարույց նորմեր՝ կապված ՊԵԿ-ին ներկայացվող հաշվետվությունների, ծառայությունների մատուցման դեպքում հարկման և այլ հարցերի հետ: Նախատեսվում է, որ կստեղծվի ՊԵԿ-ի հետ համատեղ աշխատանքային խումբ և քննարկվեն այդ հարցերը:
Դասընթացից հետո հասարակական կազմակերպությունների մի քան ներկայացուցիչների Կարեն Զադոյանը իրավաբանական խորհրդատվություն մատուցեց։
Հայտնենք, որ Գորիս քաղաքի այս դասընթացը անց է կացվել Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի նախաձեռնությամբ՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։
Նշենք, որ նոր օրենքի վերաբերյալ ՀԿ ներկայացուցիչների հետ դասընթացները տեղի են ունենում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում։ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
Այսօրվա միջոցառմանը Կարեն Զադոյանը ՀԿ ներկայացուցիչներին ներկայացրեց ծրագրի նպատակն ու մինչ օրս կատարված աշխատանքները: Մասնավորապես, ծրագրի նպատակն է 9 ոլորտներում ՀԿ-ների կարողությունների հզորացումը: Եվ այդ ուղղությամբ 350 գործող ՀԿ-ների շրջանում հետազոտություններ են կատարվել, վեր են հանվել խնդիրները: