Եթե հասարակական կազմակերպություն (ՀԿ) հիմնադրելիս թույլ է տվել օրենքի էական խախտում կամ կեղծիք, ապա դա հիմք է, որպեսզի պետական եկամուտների կոմիտեն դիմի դատարան՝ ՀԿ-ի գործունեությունը կասեցնելու պահանջով: «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքով կատարված այս և մյուս կարևոր նորմերի մասին ներկայացրեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ Կապանում կազմակերպված դասընթացին:
ՀԿ ներկայացուցիչներին ներկայացվեց 2017 թվականի փետրվարի 4-ին ուժի մեջ մտած նոր օրենքով սահմանված փոփոխությունները, ամրագրված պարտականություններն ու խնդրահարույց հարցերը:
Կարեն Զադոյանը նշեց, որ ռիսկեր են կան անմիջական ձեռնարակատիրական գործունեություն ծավալելու վերաբերյալ: ՀԿ ներկայացուցիչներին նախ զգուշացրեց, որ ձեռնարակատիրական գործունեությունից ստացված եկամուտները պետք է ուղղվեն բացառապես ՀԿ-ի կանոնադրական նպատակների իրականացմանը և ենթակա չեն անդամների կամ ղեկավար կազմի մեջ բաշխելուն:
Նրա խոսքով, մինչև 2017 թվականի վերջը ձեռնարակատիրական ընկերությունները շահութահարկի ռեժիմով կարող են հարկվել եթե ունեն մինչև 115 միլիոն դրամի շրջանառություն, իսկ ահա ՀԿ-ների դեպքում այդ շեմը ներկայումս մինչև 58,35 միլիոն դրամ է սահմանված: Թեև, նոր հարկային օրենսգրքով ձեռնարակատիրական կազմակերպությունների համար էլ շեմը կիջեցվի մինչև 58,345միլիոնի, սակայն մինչ այդ կա անհավասար մոտեցում ՀԿ-ների և բիզնես կազմակերպությունների միջև:
Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը նշեց, որ հասարակական կազմակերպությունները մինչև 58,34 միլիոն դրամի շրջանառություն ունենալու դեպքում կհարկվեն շահութահարկի ռեժիմով, իսկ դրանից նույնիսկ 1 դրամ ավել շրջանառություն ունենալու դեպքում հարկվելու են նաև ԱՀՀ ռեժիմով:
Կա մեկ այլ ռիսկ՝ կապված ՀԿ-ի անվան հետ: Ինչպես հայտնի է, երբ առևտրային կազմակերպությունը իր անվան մեջ օգտագործում է «հայ», «հայկական», «Հայաստան» բառերը, ապա պետք է տարեկան 600 հազար դրամի տուրք վճարել, և չկա որևէ կարգավորում հասարակական կազմակերպությունների վերաբերյալ, երբ իրենց անվանման մեջ նմանատիպ բառեր ունեցող հասարակական կազմակերպությունները սկսեն զբաղվել անմիջական ձեռնարկատիրական գործունեությամբ, արդյոք պետք էգրանցի ֆիրմային նավանում գրանցի և տուրք մուծի, թե ոչ:
Նշենք, որ նոր օրենքի վերաբերյալ ՀԿ ներկայացուցիչների հետ դասընթացները տեղի են ունենում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում։ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
Այսօրվա միջոցառմանը Կարեն Զադոյանը ՀԿ ներկայացուցիչներին ներկայացրեց ծրագրի նպատակն ու մինչ օրս կատարված աշխատանքները: Մասնավորապես, ծրագրի նպատակն է 9 ոլորտներում ՀԿ-ների կարողությունների հզորացումը: Եվ այդ ուղղությամբ 350 գործող ՀԿ-ների շրջանում հետազոտություններ են կատարվել, վեր են հանվել խնդիրները: