Հայաստանի հասարակության համար նշանակություն ունեցող բարեփոխումների շարժիչ ուժը նախ և առաջ քաղաքացիական հասարակությունն է։ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը օրինակ է բերում մեր երկրում վերջին երկու տարիներին տեղի ունեցած բարեփոխումներից, մասնավորապես հակակոռուպցիոն ոլորտում և այլընտրանքային պատժի քաղաքականությունում․ «Այդ ռեֆորմների շարժիչ ուժերը նաև քաղաքացիական հասարակությունն է, խոսքը գնում է պրոբացիայի, հակակոռուպցիոն պայքարի, ինչպես նաև իշխանության հետ կառուցողական երկխոսության մասին»,- այսօր Գյումրիում ԻՀԱ գրասենյակում տեղի ունեցած «Պրոբացիայի պետական ծառայությունը. ակնկալիքներ և համագործակցության հեռանկարներ» աշխատանքային հանդիպման ժամանակ նշեց պարոն Զադոյանը։
Նկատենք, որ պրոբացիոն ծառայությունը ներդրվել է նախորդ տարվա սեպտեմբեր ամսից՝ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի հենքի վրա։ Փոխվեց բաժնի անունը և գործիքակազմը, այդուհանդերձ պետությունը դեռևս լիակատար կերպով անցում չի կատարել այս ծառայությանը, այդ նպատակով կարգավորվում է օրենսդրությունը, մասնավորապես Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում նախատեսվում են նոր փոփոխություններ, ինչպես նաև Եվրոպական միության աջակցությամբ քայլեր են ձեռնարկվում վերահսկողական սարքեր ձեռք բերելու ուղղությամբ։
Այս փուլում Կարեն Զադոյանը կարևորեց քաղաքացիական հասարակության ներուժի օգտագործումը, նա շեշտեց, որ պրոբացիոն ծառայության ներդրման աշխատանքներում մեծ ներդրում է ունեցել Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, սակայն բարեփոխումները մինչև վերջ տանելու ժամանակն է, ուստի ԻՀԱ-ն այսօր համագործակցության հուշագիր կնքեց ՔՀԻ-ի հետ․ «Ինչո՞ւ մենք որոշեցինք միատեղել ուժերը, որովհետև գիտեք ՔՀԻ-ն ահռելի ծավալի գործ է արել, բայց կարևոր է, որ այդ բարեփոխումները մինչև վերջ գնան, այստեղ առանցքային է քաղաքացիական հասարակության համախմբումը»,- ընդգծեց ԻՀԱ նախագահը։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արտակ Կիրակոսյանը հեղափոխական համարեց պրոբացիոն ծառայության ներդնումը․ «Այն մարդիկ, ովքեր զանցանք են կատարել կամ հանցագործություն, չի նշանակում, որ մենք նրանց վրա պետք է խաչ քաշենք, կամ նետենք բանտ, իսկ բանտը ապացուցված է, որ որևէ երկրում մարդուն դեպի լավը չի տանում, վերադստիարակման պրոցեսները չեն աշխատում, շատ ավելի կարևոր է, որ մնացած ծառայությունները գործեն, եթե նույնիսկ մեկուսացում լինի, պետք է գործ արվի, որ մարդիկ հնարավորություն ունենան իրենց լիարժեք զգալ ու հանրօգուտ գործ անել և դրանով ետ դառնալ այդ ճանապարհից։ Պրոբացիայի պետական ծառայությունը հենց դրան է ուղղված»,- շեշտեց պարոն Կիրակոսյանը։
Հանդիպմանը ներկա էին նաև Շիրարկի մարզի պրոբացիայի պետական ծառայության աշխատակիցները։
Շիրակի մարզի պրոբացիայի ծառայության շահառուների թիվն անցնում է 170-ը, նրանք հիմնականում ոչ միջին կամ միջին ծանրության հանցագործությունների մեջ դատապարտված անձիք են, որոնց նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ չի նշանակվել։ 170-ից ավելի անձանց հետ աշխատանք են տանում ծառայության ընդամենը 4 աշխատակիցներ, այդ թվում՝ Պրոբացիայի պետական ծառայության Շիրակի մարզային բաժնի պետ Արտյոմ Գոմցյանը։ Առաջիկայում նախատեսվում է ևս մեկ մասնագետի ընդգրկել ծառայությունում, սակայն սա բավական չէ պրոբացիոն ծառայության արդյունավետ գործունեության համար, պրոբացիոն ծառայությունում ակնկալում են ակտիվ համագործակցություն քաղաքացիական հասարակության անդամների հետ․ «Հետաքրքրվածություն կա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և կամավորների կողմից, մենք շուտով կդիմենք նրանց օգնությանը»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Գոմցյանը։
Ինչպե՞ս է հնարավոր հասնել դրական արդյունքների նույն անձնակազմով և կարողություններով, հարցին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Հովհակիմյանը պատասխանում է․ «Մենք մի ուղղություն ենք վերցրել, շատ կարևոր է վերապատրաստումները՝ կադրերին նոր չափանիշներին ու փորձին ծանոթացնելու, մենք կարողության դասընթացներ ենք իրականացնել, սա շարունակական գործընթաց է, նոր հոգեբանության ձևավորումը, իհարկե, պահանջում է երկարատև ջանքեր»,- ասաց տիկին Հովակիմյանը։
Այսօր տեղեկան ՀԿ-ների հետ քննարկման արդյունքում երկու կազմակերպությունների միջոցով պետական ծառայության աշխատակիցները համագործակցության եզրեր գտան, եղավ ակտիվ և բազմաբովանդակ քննարկում՝ բոլոր ուղղություններով, կազմակերպիչները խոստացան հանդիպումները դարձնել էլ ավելի ինտենսիվ, իսկ իրականացնել տեսանելի գործնական քայլեր։