«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում տրամադրվող ենթադրամաշնորհների մրցույթների մասին տեղեկանալու և այլ կարևոր տեղեկատվություն պարունակող հայտարարություններ ստանալու համար բոլոր քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ-ներ) կարող են գրանցվել Ծրագրի տվյալների բազայում՝ ուղարկելով իրենց կազմակերպության անվանումը, հասցեն, նախագահի անունը և կոնտակտային տվյալները [email protected] հասցեով, նամակի վերնագրում նշելով «Տվյալների բազայում ներառվելու համար»:
***
2016 թ. դեկտեմբերից Իրավաբանների հայկական ասոցիացիան իր գործընկերների՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ կոնսորցիումով իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը:
Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ազդեցության ուժեղացումն է Ծրագրի թիրախային ոլորտներում հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում:
Առանձին նպատակներ են ՔՀԿ-ների՝ կոալիցիաների կառուցման կարողությունների ուժեղացումը, նրանց մասնակցությունը հանրային քաղաքականությունների ձևավորման գործընթացներին, թիրախային ոլորտներում խնդիրների հատկորոշումը և համապատասխան քաղաքականությունների մշակումը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ու կենտրոնական պետական մարմինների հետ քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական և ռազմավարական փոխգործակցությունը:
Ծրագրի տևողությունը 34 ամիս է՝ 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2019 թվականի հոկտեմբեր ամիսը: Ծրագրի բյուջեն կազմում է 2 222 256 եվրո, որից 222 256 եվրոն ներդրվելու է Ծրագրի կոնսորցիումի կողմից: