Commitment to Constructive Dialogue

Ծրագրի շրջանակներում տրամադրվող ենթադրամաշնորհներ

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է տրամադրել 2 տեսակի ենթադրամաշնորհներ ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին:

Առաջինը միկրո-դրամաշնորհներն են, որոնք կտրամադրվեն ՔՀԿ-ներին թիրախային ոլորտներում արդյունավետ մշտադիտարկում իրականացնելու և հանրային քաղաքականություններ մշակելու նպատակով: Երկրորդ տեսակի դրամաշնորհները կտրամադրվեն 4 կամ ավելի ՔՀԿ-ներից բաղկացած կոալիցիաների, որոնք կհամաձայնվեն համատեղ աշխատել մշտադիտարկման, քաղաքականության հարցերի և Կառավարության հետ երկխոսության շուրջ՝ միաժամանակ ջանալով ապահովել իրենց կոալիցիաների զարգացումն ու կայունությունը:

Մինչև 24 ենթադրամաշնորհ (յուրաքանչյուրը՝ մինչև 10 000 եվրո արժողությամբ) կտրամադրվի ՔՀԿ-ներին՝ անցկացնելու մոնիթորինգ թիրախային ոլորտներում: Ընդ որում, առաջնայնությունը կտրվի այն ՔՀԿ-ներին, որոնք մասնակցել են ուսուցումներին և ինկուբատորներին (տրամաբանությունն այն է, որ այն ՔՀԿ-ները, որոնք կմասնակցեն դրանց, զգալիորեն կհզորացնեն իրենց կարողությունները, որոնք արդեն կկարողանան գործարկել մոնիթորինգային և քաղաքականության վերլուծությունների ծրագրերում):

Ենթադրամաշնորհային մրցույթների երկու փուլ կանցկացվի Ծրագրի 2-րդ և 3-րդ տարիներին: Յուրաքանչյուր փուլ կհայտարարվի համապատասխան ինկուբատորային փուլի ավարտից հետո:

Թիրախային ոլորտներից յուրաքանչյուրում ավելի խոշոր դրամաշնորհներ կտրամադրվեն ազգային կոալիցիաներին: Ծրագրի 2-րդ տարում ենթադրամաշնորհներ (յուրաքանչյուրը՝ մինչև 45 000 եվրո արժողությամբ) կտրամադրվեն կոալիցիաներին՝ զարգացնելու իրենց ռազմավարությունները և կառավարման համակարգերը, ինչպես նաև ներգրավելու մոնիթորինգների մեջ առանցքային խնդիրների մասին տվյալներ հավաքագրելու նպատակով: Այնուհետև, 2-րդ տարում 9 ենթադրամաշնորհ (յուրաքանչյուրը՝ մինչև 25 000 եվրո արժողությամբ) կտրամադրվի կոալիցիաներին՝ կայունության ռազմավարություններ մշակելու, ինչպես նաև հաղորդակցության ռազմավարություններ ընդունելու ու իրականացնելու համար:
Ազգային կոալիցիաներին տրամադրվելիք դրամաշնորհների առաջին փուլի նպատակը հետևյալն է.

  • անցկացնել ներքին հանդիպումներ՝ կառավարման խնդիրների շուրջ համաձայնության գալու և համապատասխան կանոններ մշակելու համար,
  • մշակել ռազմավարություններ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են կոալիցիայի ընդհանուր փիլիսոփայությունը և գործունեության ուղղությունը, մոնիթորինգային քաղաքականությունը և ծրագիրը, ինչպես նաև կայունության ռազմավարությունը,
  • համապատասխան ոլորտում առանցքային խնդրի կամ խնդիրների շուրջ իրականացնել ազգային մոնիթորինգ և ներկայացնել եզրակացություններ ու առաջարկություններ համապատասխան պետական մարմիններին:

Ազգային կոալիցիաներին տրամադրվելիք դրամաշնորհների երկրորդ փուլի նպատակը հետևյալն է.

  • վերլուծել առաջին տարվա գործունեությունը և վերանայել կառավարման փաստաթղթերը՝ ներառյալ ընդհանուր ռազմավարական փաստաթղթերը,
  • իրականացնել առանձին հարցերի լրացուցիչ մոնիթորինգ՝ հիմնված 2-րդ տարում շահակիցների հետ քննարկումներում ի հայտ եկած մտահոգությունների վրա,
  • մշակել հետծրագրային գործողությունների ծրագիր:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ավելի խոշոր դրամաշնորհները փակ մրցույթներով են տրամադրվելու (այսինքն՝ հաղթողներն ընտրվում են նախապես)՝ Ծրագրի շրջանակներում դրամաշնորհային առաջարկների համապատասխանությունը գնահատելու համար հստակ ուղեցույց կմշակվի (համապատասխանությունն ընդհանուր նպատակներին և հատկորոշված առանցքային հարցերին, ազդեցությունը բարեփոխումների գործընթացի վրա, մոնիթորինգի և կառուցողական երկխոսության համար օգտագործվող մեթոդաբանություններին, արժեքը դրամական բյուջեների համար): Մենթորները սերտորեն կաշխատեն կոալիցիաների հետ, որպեսզի առաջարկները բարձրորակ լինեն:
Երկու տեսակի ենթադրամաշնորհների կառավարման համար Ծրագրի կոնսորցիումը կստեղծի դրամաշնորհային կոմիտե՝ առաջարկները գնահատելու և մրցանակներ առաջարկելու համար: ԻՀԱ-ն, որն իր նախորդ ծրագրերում ենթադրամաշնորհների տրամադրման, կառավարման և մոնիթորինգի փորձ է ունեցել, ընդհանուր պատասխանատվություն կկրի բոլոր դրամաշնորհային գործընթացների համար:

***

2016 թ. դեկտեմբերից Իրավաբանների հայկական ասոցիացիան իր գործընկերների՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ կոնսորցիումով իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը:

Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ազդեցության ուժեղացումն է Ծրագրի թիրախային ոլորտներում հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում:

Առանձին նպատակներ են ՔՀԿ-ների՝ կոալիցիաների կառուցման կարողությունների ուժեղացումը, նրանց մասնակցությունը հանրային քաղաքականությունների ձևավորման գործընթացներին, թիրախային ոլորտներում խնդիրների հատկորոշումը և համապատասխան քաղաքականությունների մշակումը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ու կենտրոնական պետական մարմինների հետ քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական և ռազմավարական փոխգործակցությունը:

Ծրագրի տևողությունը 34 ամիս է՝ 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2019 թվականի հոկտեմբեր ամիսը: Ծրագրի բյուջեն կազմում է 2 222 256 եվրո, որից 222 256 եվրոն ներդրվելու է Ծրագրի կոնսորցիումի կողմից:

Ծրագրի շրջանակներում որպես թիրախային ոլորտներ ընտրված են արդարադատության, կրթության, բիզնեսի և վեց այլ ոլորտներ: