Հասարակական կազմակերպությունների նոր օրենքը հնարավորություն է տալիս կազմակերպություններին անդամակցության հարցում ֆիլտրեր դնել։ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի փոխանցմամբ՝ այս նորամուծությունը թույլ է տալիս չեզոքացնել որոշ ռիսկեր․ «Նախկինում եղել էին դեպքեր, երբ ՀԿ-ին մեծ թվով անդամներ էին միանգամից անդամակցել, որպեսզի «իշխանափոխություն» իրականացնեին կազմակերպությունում։ Եթե ՀԿ-ն գրում է, որ որևէ պայմանով կարող է անդամ ընդունել, ապա չի կարող մերժել, որովհետև դա ոչ իրավաչափ կլինի ու դատական կարգով կվիճարկվի ու այդ անդամների ընդունելությունը կիրականացվի»,- ասաց պարոն Զադոյանը։
Այս տեսանկյունից ՀԿ-ները կանոնադրությունում կարող են երկու տեսակի ֆիլտրեր դնել՝ սահմանելով ինչպես անդամների թվաքանակն, այնպես էլ մասնագիտական պահանջները։
Նախորդ տարի ընդունված օրենքով փոխվել են նաև կամավորների վերաբերյալ դրույթները։ Մասնավորապես սահմանվել է, որ այն դեպքերում, երբ կամավորի աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը, ապա կազմակերպությունը կամավորների հետ կնքում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր: Այս հանգամանքներին նույնպես անդրադարձավ Կարեն Զադոյանը։
ՀԿ-ները նաև հնարավորություն կունենան ուղղակի կերպով զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, նախկինում նրանք հիմնում էին ՍՊԸ-ներ և այդ ընկերությունների միջոցով նման գործունեություն ծավալում։
Այս ամենը նորություն է Հասարակական կազմակերպությունների համար։ Պատահական չէ, որ ծրագրի շրջանակներում տեղի ունեցած դասընթացներին մշտապես մասնակցել են մեծ թվով ՀԿ ներկայացուցիչներ։ Հերթական դասընթացին ներկա էին 20-ից ավելի կազմակերպությունների անդամները։
«Այս հանդիպմանը նոր հանգամանքներ են մեզ համար բացահայտվել, մասնավորապես այն, որ ՀԿ-ներն իրավունք ունեն արդեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, կամավորներ ընդգրկել։ Նոր օրենքով նաև պետական լիազոր մարմինն է փոխվել, դարձել է Պետական եկամուտների կոմիտեն, նախկինում Արդարադատության նախարարությունն էր»,- մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի համայնքների ֆինանսների միավորման փորձագետ Վահե Սարգսյանը։
Նկատենք, որ ծրագրի շրջանակներում իրականացվում են նաև անհատական խորհրդատվություններ, առաջիկայում իրավաբանական թիմը կաջակցի ՀԿ-ներին կանոնադրությունները համապատասխանեցնել նոր պահանջներին։
Հիշեցնենք, որ դասընթացներն տեղի են «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
Գևորգ Թոսունյան
Ալեքսանդր Սարգսյան