Հասարակական կազմակերպությունների նոր օրենքի համաձայն՝ Եթե Կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցներից ֆինանսավորվել է հինգ միլիոն և ավելի Հայաստանի Հանրապետության դրամի չափով, ապա պետական մարմիններ ներկայացված նրա տարեկան ֆինանսական հաշվետվությունները ոչ ուշ, քան հաջորդող տարվա մայիսի 15-ը հանրային միջոցներից ֆինանսավորման մասով ենթակա են պարտադիր աուդիտի՝ Կազմակերպության ժողովի ընտրած անկախ աուդիտորի կողմից:
Այսօր Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը ՀԿ-ների ներկայացուցիչների համար նախատեսված վերապատրաստման շրջանակներում անդրադարձ կատարեց հաշվետվողականությանը։
Մինչ այդ նա տեղեկացրեց, որ այս տարվանից ծրագրի շրջանակներում ԻՀԱ-ն մեկնարկել է «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ դասընթացներն ու քննարկումները։ Նմանաբնույթ հանդիպումներ են տեղի ունեցել 4 մարզերում և ներկայումս ընթանում են Երևանում, ընդ որում՝ Կարեն Զադոյանը շեշտեց, որ կազմակերպությունների կողմից մեծ հետաքրքրություն է ցուցաբերվել դասընթացների նկատմամբ, այդ պատաճառով էլ այսօր տեղի ունեցավ արդեն երկրորդ հանդիպումը։
Կարեն Զադոյանը հայտնեց, որ կազմակերպության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Լիազոր մարմինը․ «Կազմակերպության կողմից թույլ տված խախտումներ հայտնաբերվելու դեպքում, որոնք կարող են վերացվել Կազմակերպության ձեռնարկած միջոցառումներով, Լիազոր մարմինը Կազմակերպությանն առաջարկում է խախտումները վերացնելու կարգն ու ժամկետները»,- մանրամասնեց բանախոսը։
Հաշվետվողական կլինեն նաև այն կազմակերպությունները, որոնք որոշել են զբաղել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նոր օրենքն այդ հնարավորությունը նույնպես տալիս է, սակայն առկա են մի շարք նրբություններ, որոնց ՀԿ-ները պետք է տիրապետեն՝ նախքան ձեռնարկատիրությամբ զբաղվելը։
ԻՀԱ ղեկավարը հայտնեց, որ կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծելու առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից․ «Կազմակերպությունը վարում է ձեռնարկատիրական գործունեության առանձնացված հաշվառում՝ դրա վերաբերյալ տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված հաշվետվություններում։ Կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթը օգտագործվում է միայն կազմակերպության կանոնադրական նպատակների ուղղությամբ»,- ընդգծեց պարոն Զադյանը՝ շեշտելով, որ հարկավոր է հստակեցնել նաև շահառուների շրջանակը:
Նկատենք, որ ծրագրի շրջանակներում իրականացվում են նաև անհատական խորհրդատվություններ, առաջիկայում իրավաբանական թիմը կաջակցի ՀԿ-ներին կանոնադրությունները համապատասխանեցնել նոր պահանջներին։
Հիշեցնենք, որ դասընթացներն տեղի են «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
Գևորգ Թոսունյան
Ալեքսանդր Սարգսյան