Commitment to Constructive Dialogue

Կներկայացվի Չեխիայի և Լեհաստանի հասարակական կազմակերպությունների փորձը. դասընթացը մեկնարկել է

Այսօր Աղվերանում մեկնարկել է «Ոչ առևտրային հասարակական կազմակերպությունների և կառավարության համագործակցույթունը Չեխիայի և Լեհաստանի Հանրապետություններում» թեմայով մենթորների և մարզային ինկուբատորների համակարգողների համար  կազմակերպված 5-օրյա դասընթացը:

Դասընթացը կազմակերպվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։

Միջոցառմանն իր ողջույնի խոսքում  Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ և  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը՝ նշելով նման ծրագրերում ստացվող միջազգային փորձի փոխանակման կարևորությունը:  

«Այս ծրագրի շրջանակներում չորս մարզում ու Երևանում ստեղծված ինկուբատորները ուժեղացնելու են քաղաքացիական հասարակության կարողությունները: Հիմնական ուղղությունները 4 ոլորտներում են՝ հանրային քաղաքականությունների մշակում և իրականացում, հանրային վերահսկողության, այդ թվում՝ հանրային բյուջեների և քաղաքականության նկատմամբ վերահսկողության իրականացում, կոալիցիաների կառուցում ու զարգացում, կառավարության ու ՔՀԿ-ների կայուն և կառուցողական երկխոսության կառուցում»,-ասաց Կարեն Զադոյանը:

Չեխական «Ագորա Սենթրլ Յուրոփ» կազմակերպության ներկայացուցիչներ Մոնիկա Քժչոնովիչը և Իվանա Բուսրիկովան ներկայացրին Լեհաստանում գործող ՀԿ-ների գրանցման ու գործունեության կարգն ու մեթոդները:

Առաջիկա 5 օրերի ընթացքում դասընթացի մասնակիցները քննարկումներ կունենան հասարակական կազմակերպությունների վիճակի, կարիքների, ոլորտում առկա իրավիճակի, ինչպես նաև խնդիրների մասին: Կքննարկվի նաև պետական կառավարման և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության հնարավոր տարբերակների և մի շարք այլ հարցեր:

Հարկ է նշել, որ Երևանում, Շիրակի, Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում ՀԿ ներկայացուցիչների համար դասընթացներն ու անվճար իրավաբանական խորհրդատվությունները իրականացվում են Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: