Գորիսում գործող ևս մեկ հասարակական կազմակերպության (ՀԿ) կանոնադրությունը վերանայվել և գրանցվել է իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրավաբան Հրայր Խաչատրյանի օգնությամբ «Բարի երթ» ավտոմոտոսիրողների ՀԿ-ի կանոնադրությունը վերանայվել է, այնուհետև այն գրանցվել է իրավաբանական անձանց պետռեգիստրում: «Հուրախություն մեզ, արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից ստացանք «Բարի երթ» ՀԿ-ի հաստատված նոր խմբագրությամբ կանոնադրությունը: Շնորհակալություն ենք հայտնում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրավաբան Հրայր Խաչատրյանին՝ տված մասնագիտական խորհրդատվության, արագ արձագանքելու և պատրաստակամ վերաբերմունքի համար: Բարի երթ բոլորին»,- ասաց «Բարի երթ» ավտոմոտոսիրողների ՀԿ-ի նախագահ Էլմիրա Բալասանյանը։ Նշենք, որ նոր օրենքի վերաբերյալ դասընթացներն ու ՀԿ-ների անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում: Հիշեցնենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: