«Հայաստանում՝ քաղաքացիների շրջանում իրազեկվածության մակարդակը շատ ցածր է, քաղաքացիները չգիտեն, թե ի՞նչ են անում հասարակական կազմակերպությունները։ ՀԿ-ներին վերաբերող խնդիրները Հայաստանում և Չեխիայում շատ նման են»,-այս մասին Իվանա Բուսրիկովան ասաց Աղվերանում կազմակերպված «Ոչ առևտրային հասարակական կազմակերպությունների և կառավարության համագործակցույթունը Չեխիայի և Լեհաստանի Հանրապետություններում» թեմայով մենթորների և մարզային ինկուբատորների համակարգողների համար 5-օրյա դասընթացի ժամանակ:
Դասընթացը կազմակերպվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։
Լեհական ՀԿ-ների աջակցման մայրաքաղաքային կենտրոնի ներկայացուցիչ Մոնիկա Քժչոնովիչը ՀԿ-ների կարողությունների զարգացման գործիքները դասընթացի մասնակիցներին ներկայացնելիս ընդգծեց ինկուբատորների առկայության կարևորությունը։
«Վարշավայում ՀԿ-ների աջակցության հիմնական կենտրոնն է տեղակայված։ Նպատակը ՀԿ-ների համագործակցության համար մեկ հարթակ ստեղծելն է։ Օժանդակող կենտրոնը տրամադրում է իրավախորհրդատվություն, տարածքներ կազմակերպությունների համար։ Նման կազմակերպությունները ստեղծված են այլ կազմակերպությունների տարբեր հարցերով օգնություն տրամադրելու համար»,-մանրամասնեց Մոնիկա Քժչոնովիչը։
Նրա խոսքով կարևոր են նաև ՀԿ-ների մասնկացությունը հանրային լսումներին՝ տարբեր օրինագծերի քննարկման ժամանակ։
ՔՀԿ-Կառավարություն երկխոսության համակարգող Սյուզաննա Սողոմոնյանը ևս կարևորեց ինկուբատորների ինստիտուտի մոդելների քննարկումը։ «Ինձ համար հատկապես կարևոր էր ՔՀԿ-ների ինկուբատորների ստեղծման մեխանիզմները և դրանց արդյունավետ գործունեությանն ուղղված գործնական քայլերը: Հարկավոր է առանձնացնել նաև դասընթացի շրջնականերում փորձագետների կողմից ներկայացված միջազգային փորձը, հատկապես այդ ոլորտում հանդիպած խնդիրների և դրանց լուծման օրինակների մասով»,-ասաց Սյուզաննա Սողոմոնյանը։
Միջոցառմանը Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ և «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանն իր խոսքում ընդգծեց նման ծրագրերում ստացվող միջազգային փորձի փոխանակման կարևորությունը:
«Այս ծրագրի շրջանակներում չորս մարզում ու Երևանում ստեղծված ինկուբատորները ուժեղացնելու են քաղաքացիական հասարակության կարողությունները: Հիմնական ուղղությունները 4 ոլորտներում են՝ հանրային քաղաքականությունների մշակում և իրականացում, հանրային վերահսկողության, այդ թվում՝ հանրային բյուջեների և քաղաքականության նկատմամբ վերահսկողության իրականացում, կոալիցիաների կառուցում ու զարգացում, կառավարության ու ՔՀԿ-ների կայուն և կառուցողական երկխոսության կառուցում»,-ասաց Կարեն Զադոյանը:
5 օրերի ընթացքում դասընթացի մասնակիցները քննարկումներ կունենան հասարակական կազմակերպությունների վիճակի, կարիքների, ոլորտում առկա իրավիճակի, ինչպես նաև խնդիրների մասին: Քննարկվել են պետական կառավարման և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության հնարավոր տարբերակների և մի շարք այլ հարցեր:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականցվում է 6 կազմակերպության կողմից՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: