Այսօր՝ նոյեմբերի 28-ին, տեղի ունեցավ Արևելյան գործընկերության (ԱԼԳ) քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը։
«ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը շնորհավորանքների առիթ է։ Եվ հիմա մենք մտածում ենք, թե ինչպես այս համաձայնագիրը դարձնենք գործնական, ինչպես քաղենք ակնկալվող օգուտները, որպեսզի Հայաստանի շարքային քաղաքացիները զգան, որ ինչ-որ նոր բան է տեղի ունենում»,-միջոցառման ընթացքում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։
Նա նաև նշեց, որ նոր հնարավորություններ են բացվում տվյալ համաձայնագրով, ինչում նաև մեծ դերակատարություն ունեն քաղաքացիական հասարակության անդամները։ «Պետք է ՔՀԿ-ներն ընկերական ճնշում գործադրեն, մշտադիտարկեն համաձայնագրի իրականացմանը, որպեսզի համագործակցումն իսկապես գործի»,- նշեց դեսպանը։
Նա նաև կոչ արեց ակտիվ լինել և խնդիրները բարձրաձայնել․ «Եկեք օգտագործենք մեր հարաբերությունների այս գլուխը՝ ամրապնդելու Հայաստանի և Եվրոպայի միջը կամուրջը և հզորացնելու քաղաքացիական հասարակության դերը և օգնելու շարքային հայաստանցիներին, որպեսզի նրանք ապրեն համաձայն եվրոպական ստանդարտներով»,-եզրափակեց Պյոտր Սվիտալսկին։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, նեկայացնելով ծրագիրը, նշեց, որ այն իրականացվում է 6 կազմակերպության կողմից, 36-ամսյա ծրագիր է և ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից։
«Ծրագիրն ունի առանձնահատուկ նպատակներ, որոնցից են ծրագրի թիրախային ոլորտներում խնդիրների հատկորոշումը և փաստերի հիման վրա հանրային քաղաքականությունների մշակում և իրականացում, ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիայի ցանցի կարողությունների ուժեղացում, կոալիցիաների ստեղծում և զարգացում, ինչպես նաև ծրագրի թիրախային ոլորտներում հանրային բյուջեների և քաղաքականության նկատմամբ հանրային վերահսկողության իրականացում և զարգացում, ՏԻՄ-ում և կենտրոնական պետական մարմինների հետ հանրային քաղաքականությունների մշակման բնագավառում կառուցողական և կայուն երկխոսության փոխգործարկում և համաձայնացում»,-մանրամասնեց Կարեն Զադոյանը։
Ծրագրի ղեկավարը նշեց նաև, որ 120 կազմակերպությունների համար, որոնք կընտրվեն մրցութային կարգով, կիրականացվի ուսուցում՝ փաստերի հիման վրա հիմնված քաղաքականությունների մշակում և կառավարության հետ կայուն և կառուցողական երկխոսության իրականացում։ Դասընթացները կիրականացվեն Հայաստանում Ամերիկյան համալսարանում։
ՔՀՖ ղեկավար կոմիտեի անդամ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրեց քաղաքացիական հասարակական ֆորումի 9-րդ՝ Տալլինի համաժողովի արդյունքները․ «Կարևոր խնդիր էր ֆորումի գործունեության ներքին բարեփոխումներն և ռազմավարությունը։ Այս հարցերի վերջնական համաձայնությունների համար որոշակի խոչընդոտներ և խնդիրներ առաջացան և դրանց հաստատումը կամ վավերացումը ամբողջ ֆորումի կողմից Տալլինում հետաձգվեց»։
Նա նաև նշեց, որ խնդիրը թողնվել է ազգային պլատֆորմների վրա և ռազամավարության արդյունքները քվերակության դնելով՝ պետք է մինչև տարվա վերջ ամփոփվեն։
«Առաջին և գլխավոր հարց է հստակ մեխանիզմների մշակումը, որոնք պետք է աշխատեն կառավարություն-քաղաքացիական հասարակություն պայմաններում, այդ մեխանիզմները ձևակերխված չեն և մենք այդ գաղափարը պետք է լցնենք կոնկրետ ձևաչափերով և տեսնենք, թե ինչպե՞ս կարող ենք աշխատել, և մեկը որով աշխատել ենք դա կառուցվածքային երկխոսությունն է»,-այս մասին նշեց ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Նրա խոսքով պետք է կառավարության հետ կառուցվածքային երկխոսության շնորհիվ թիրախային ոլորտներում ձևավորել աշխատանքային խմբեր, որտեղ մշտապես ներկայացված կլինեն և՛ պլատֆորմի մասնակիցները, և՛ կառավարական օղակների լավագույն օղակները։
Նշենք, որ Արևելյան գործընկերության (ԱԼԳ) քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը կազմակերպվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: