Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տեղի ունեցավ միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխությունը։ Թափանցիկության ու բարեխղճության ջատագովներն ու կոռուպցիան մերժող հասարակության ներկայացուցիչներն այսօր մրցանակների և պարգևների արժանացան։
Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի նախաձեռնությամբ՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որի նպատակը քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ձայնը լսելի և ազդեցիկ դարձնելն է կառավարության որոշումների վրա։
Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, Հայաստանում Չեխիայի դեպսան Պետր Միկիսկան, պետական և քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ կառավարության և քաղհասարակության կառույցների միջև համագործակցության արդյունքում արդեն իսկ կան լուրջ նվաճումներ՝ հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի երկու հենասյունների կառուցման՝ կոռուպցիայի կանխարգելման և հակակոռուպցիոն կրթության ոլորտում․ «Մենք լիահույս ենք, որ կառուցողական երկխոսության արդյունքում մենք նվաճումներ կունենանք նաև երրորդ՝ կոռուպցիայի պատժելիության անխուսափելիության հարցում»։
Արթուր Դավթյանն իր ողջույնի խոսքում կարևորեց հասարակության հետ համագործակցությունը․ «Հասարակության մոտ նկատելի է դառնում կոռուպցիոն հանցագործությունների նկատմամբ անհանդուրժողանակության որոշակի դրական միտում։ Եթե նախկինում մարդիկ կատեգորիկ հրաժարվում էին կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը ներգրավվելուց, ապա այժմ ունենք դեպքեր, երբ նրանց հետ համագործակցության արդյունքում հաջողվել է բացահայտել կոռուպցիոն դեպքերն ու սխեմաները»։
Հոա-Բին Աջեմյանն իր խոսքում նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը Եվրամիության առաջնահերթությունների թվում է․ «Մենք գնահատում ենք այս առումով Հայաստանի առաջընթացը և քաղծառայության ոլորտում բավականին հավակնոտ բարեփոխումները ԵՄ չափանիշներին համապատասխան։ Ես ցանկանում եմ հաստատել, որ ԵՄ-ն կանգնած է Հայաստանի քաղաքացիների կողքին՝ հանուն ավելի լավ ապագայի»։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Թևան Պողոսյանը նշեց, որ այժմ մեծապես կարևորվում է քաղաքացու խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնությունները և ընդամենը տասը նվիրյալի գործունեությունը նման գործերում մեծ արդյունք կարող է տալ․ «Այսօր այդ քիչ նվիրյալների օրն է, որոնց ոգևորությունը կարող է վարակիչ լինել»։
Մինչ մրցանակաբաշխությանն անցնելը հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության համաձայնագիր կնքվեց ՀՀ գլխավոր դատախազության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև համագործակցության համաձայնագրի կնքման պաշտոնական արարողությունը:
Այնուհետև մրցանականեր հանձնվեցին 4 անվանակարգում։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «Տարվա երիտասարդներ» մրցանակը հանձնեց «Նետոյի առասպելը» համակարգչային խաղի ստեղծագործական թիմին։ Համակարգչային այս խաղը Նետոյի մոլորակի ու դրա վրա կոռուպցիայի թողած ազդեցության մասին է։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը «Տարվա ԶԼՄ» մրցանակը հանձնեց «Ազատություն» ռադիոկայանին՝ ընտրական գործընթացներն ակտիվ լուսաբանելու և կոռուպցիոն ռիսկերը որոշակիորն զսպելու և բացահայտելու համար։
Հայաստանում ԵՄ ներկայացուցիչը «Տարվա ՔՀԿ» մրցանակը հանձնեց Իմփեքթ Հաբ Երևանին՝ «(Հակա)կոռուպցիայի արվեստ» ծրագրի իրականացման համար։ Դրա շրջանակում արվեստագետներն իրենց արվեստի միջոցով ցույց են տվել հայ հասարակության վրա կոռուպցիայի բարդ հետևանքների մասին:
Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան հանձեց «Տարվա բիզնես» մրցանակը Դիլիջանում գործող Caffeine Brew Lab սրճարանին։ Ամիսներ առաջ հարկային տեսուչները տուգանել են սրճարանին անհիմն։ Սակայն սրճարանի հիմնադիր աղջիկները դիմել են դատարան և հաջողության հասել։
Կարեն Զադոյանը հակակոռուպցիոն պայքարի ոլորտում արդյունավետ համագործակցության համար շնորհակալագրեր հանձնեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանին և Հայաստանում Չեխիայի դեպսան Պետր Միկիսկային։