Այսօր՝ դեկտեմբերի 9-ին արդեն 14-րդ տարին անընդմեջ նշվում է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը։
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում այսօր Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպվեց հակակոռուպցիոն միջոցառում:
Միջոցառմանը քննարկվեցին ՀՀ 2015-2018 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության 4 թիրախային ոլորոտների (կրթություն, առողջապահություն, պետեկամուտների հավաքագրում և ոստիկանություն) վերաբերյալ ծրագրերն ու առաջարկները:
«Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կողմից արդեն իսկ հաստատվել է հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիրը և սա վերջին հանրային քննարկումն է լինելու, որի արդյունքների ամփոփումից հետո կառավարության հաստատմանը կներկայացվի առաջարկությունների ողջ փաթեթը»,-նշեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Թևան Պողոսյանը՝ նշեց, որ քաղաքացիական հասարակությունը պետք է ձևավորի այն միջավայրը, որ կառավարությունը սկսի առաջնորդվել հանրային շահով. «Ցավոք սրտի, այսօր նախաձեռնությունների մեծ մասը մասնավոր շահից է գալիս, օրինակ, որևէ մեկը գալիս ու ասում է, այսքան գումարով ցանկանում եմ ամենալավ սարքավորումներով հիվանդանոց կառուցել ու հնարավոր է ինչ-որ բան տեղից շարժվի։ Սակայն դա էլի հիմնված է լինում մասնավորի շահի վրա։ Բայց արդյո՞ք այդ քայլով մեզ օգուտ կլինի, պե՞տք է, որ այդտեղ նման հիվանդանոց լինի»,-նշեց Թևան Պողոսյանը։
Առողջապահության ոլորտի վերաբերյալ հակակոռուպցիոն ծրագրի քննարկմանը ներկա առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ խնդիրների լուծման համար թե հասարակության, թե պետության ցանկությունը կարևոր է. «Եթե ցանկությունը չլինի և՛ հասարակության, և՛ կառավարության կողմից, ապա խնդիրներին լուծում հնարավոր չի լինի տալ»,-նշեց նա։
«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գևորգ Գրիգորյանը ներկայացրեց, որ առողջապահական ոլորտում առկա են հիմնական մի քանի մեծ ռիսկեր․ «Բուժօգնության իրականացման պայմաններն են, կադրային քաղաքականությունը, տեխնիակական սարքավորումները, ինչպեսև խնդիրներ կան բուժման գործընթացի և բժշկական գործունեթյան ճիշտ կառավարման հետ կապված»,- ասաց նա։
Երկրորդ քննարկումը պետական եկամուտների հավաքագրման ոլորտում առկա խնդիրների ու դրանց լուծմանն էր վերաբերում։ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ՊԵԿ է ներկայացրել հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիր։ Այս մասին ասաց Կարեն Զադոյանը և ընդգծեց, որ ներկայացված առաջարկությունները մեծամասամբ ընդունվել են ՊԵԿ-ի կողմից։
Հանդիպմանը ներկա պետական եկամուտների հավաքագրման ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը նշեց, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում մի շարք ծրագրեր են իրականացվել, որոնց արդյունքում զգալի նվազել են կոռուպցիոն դեպքերը։ Նա նաև ընդգծեց այն փաստը, որ նախորդ տարում շուրջ 500 աշխատակիցների աշխատանքային հաստիքները կրճատվել են։ «ՔՀԿ-ների մասնակցությունը նման քննարկումներին և կոռուպցիայի դեմ պայքարում մենք համարում ենք շատ կարևոր, մասնավորապես ՊԵԿ շրջանակներում, քանի որ այն իրականացնում է երկու հիմնական գործառույթ՝ հարկային և մաքսային ծառայության ոլորտները, որոնք հարաբերվում են հենց հասարակության, գործարարների և մինչև զբոսաշրջանակների հետ»,-ասաց Ա․ Սաքապետոյանը։
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից անկախ փորձագիտական հանձնախմբի անդամ Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց ՊԵԿ-ին ուղղված առաջարկություններից մի քանի կարևոր կետ, ինչպիսիք էին՝ հարկային և մաքսային ծառայողների գիտելիքների և հմտությունների բարելավումը հակակոռուպցիոն և բարեխղճության ոլորտում, դիտարկումները հարկային փաստաթղթերի ներդրման գործընթացի թվայնացման հնարավորությունը, ինչպես նաև դրանց հիման վրա հաշվետվությունների ստեղծման և ներկայացման ավտոմատ համակարգի ներդրումը, հսկվող որոշ ապրանքների դեպքում փորձաքննության պահանջի ներկայացումը և այլն։
Կրթության ոլորտի հակակոռուպցիոն ծրագրի քննարկման ԿԳ փոխնախարար Դավիթ Սահակյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը լայնամասշտաբ խնդիր է․ «Սա ոչ միայն օրենսդրական դաշտում կամ դասապրոցեսում ինչ-որ առարկաներ մտցնելն է, այլ դաստիարակության, մենթալիտետի փոփոխությունն է։ Ես գտնում եմ, որ կրթության համակարգում կոռուպցիան ուղղակի անթույլատրելի է»,- մանրամասնեց փոխնախարարը։
«Հակակոռուպցիոն կրթությունը շատ կարևոր է, որովհետև մատաղ սերնդից արդեն պետք է սկսվի նոր աշխարհաճանաչողություն՝ հիմնված կարևոր, հոգևոր, հակակոռուպցիոն արժեքների վրա, քանի որ մեր երկիրն այլընտրանք չունի այդ արժեքներն իրենը դարձնելու հարցում»,- նշեց Կարեն Զադոյանը։
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից անկախ փորձագիտական հանձնախմբի անդամ Մարատ Ատովմյանը նշեց, որ վերլուծվել են իրավական ակտեր, տարբեր հանդիպումներ ու հարցազրույցներ են անցկացվել ոլորտային փորձագետների, ուսուցիչների և ԿԳՆ ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրները համակողմանի դիտարկելու համար։ Տարբեր խնդիրների շուրջ նաև միջազգային փորձի ուսումնասիրություններ են կատարվել։
Միջոցառման չորրորդ՝ ոստիկանության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշեց, որ հիմնական խնդիրները, որոնք վեր են հանվել ուսումնասիրությունների ժամանակ, եղել են ճանապարհային ոստիկանության հետ կապված հարցերը, կադրային անցանելիության խնդիրները, անձնագրային և վիզաների ծառայության հետ կապված խնդիրները և այլն:
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից անկախ փորձագիտական հանձնախմբի անդամ Աննա Մարգարյանը նշեց, որ ոստիկանության ոլորտը որպես թիրախային ընտրվել է ոչ նրա համար, որ այստեղ կոռուպցիայի մակարդակը այլ ոլորտների համեմատությամբ բարձր է, այլ ոստիկանների կողմից քաղաքացիների հետ ամենօրյա շփումները:
Համակարգային ռիսկերից նա առանձնացրեց վարորդական իրավունքի տրամադրման կարգի և որակյալ կադրերի պակասին վերաբերող խնդիրները:
Նշենք, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: