Այսօր` հունվարի 23-ին, Գավառում 20-ից ավել հասարակական կազմակերպություններ ծանոթացան օրենսդրական որոշ նրբությունների, որոնք վերաբերում են ՀԿ-ների ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նոր հնարավորությանը։
Դասընթացը կազմակերպվել է Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Ծրագրի Բիզնեսի և հարակից ոլորտների համակարգող, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը նշեց, որ այն ուղղված է քաղհասարակության կազմակերպությունների ազդեցիկության բարձրացմանը՝ հանրային քաղաքականությունների մշակման հարցում։
Հակոբ Ավագյանը ներկայացրեց սոցիալական ձեռնարակատիրության օրենդրական խնդիրները. «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի ընդունումից հետո շատ ՀԿ-ներ ցանկություն են ունենում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, սակայն մի շարք խնդիրների են բախվում, երբ անհրաժեշտ է լինում անցնել որևէ հարկման ռեժիմի։ Մասնակիցների համար տարբեր օրինակներով, հարցուպատասխանի միջոցով ներկայացվեցին, թե որ գործունեությունը կարող է համարվել ձեռնարակատիրական։
Նա մասնակիցներին խորհուրդ տվեց ստեղծել առանձին առևտրային ընկերություն, վարել առանցնացված հաշվապահություն, քանի դեռ պետության կողմից հստակեցումներ մտցված չեն, թե ՀԿ-ի որ եկամուտն է համարվելու ձեռնարկատիրությունից ստացված, որ ծախսն է համարվելու ձեռնարակատիրության ուղղված եղել և թե որ եկամուտը ինչ ռեժիմով է հարկվելու.
«Մենք փորձում ենք մեր տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնել: Հետաքրքիր է, եթե մենք ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվենք, ի՞նչ կերպ պետք է հարկվենք։ Դասընթացում նորություններ կային, հետաքրքիր է, արժե, որ նորից լինեն նման հանդիպումներ»,-իր խոսքում նշեց դասընթացի մասնակից «ITM ինովացիոն կենտրոնի» ներկայացուցիչ Սարգիս Կիևյանը։
Արամ Վարդանյանը, ով «Հույսի ձեռք» ՀԿ հիմնադիր նախագահն է նշեց, որ նման դասընթացները արդյունավետ են քահասարկության ոլորտում տարվող աշխատանքների լավացման համար․ «Դասընթացը շատ օգուտ է բոլորի համար, Հարկային օրենսգիրքը միշտ փոփոխվում է, բոլորն ունեն նորություններն իմանալու կարիքը։ Շատ փոփոխություններ կան, որ արվում ենք օրենքում ու մենք չենք իմանում։ Նման դասընթացները կարևոր են նրանով, որ բոլորը ճիշտ ներկայացնեն իրենց հաշվետվությունները և խուսափեն բարդություններից»,-նշեց նա։
Նշենք, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: