Հունվարի 26-ին Երևանում և մարզերում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) 16 ներկայացուցիչ Հայաստանի ամերիկյան համալսարանի ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագրի ավարտական հավաստագրեր ստացան։
Կրթական ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որի նպատակը Հայաստանում քաղհասարակության ձայնը հանրային քննարկումների ժամանակ ազդեցիկ դարձնելն է։ Հունվարի 26-ին դասընթացն ավարտում էր ՔՀԿ ներկայացուցիչների 6-րդ փուլը։
Երևանից և մարզերից դասընթացին հաջողությամբ մասնակցություն ունեցած ՔՀԿ ներկայացուցիչներին հավաստագրեր հանձնեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կոնսորցիումի անդամ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան ՊողոսյանԹևան Պողոսյանը։
«Կոալիցիայի զարգացման և հանրային քաղաքականության մշակման հարցում ազդեցիկ լինելու տեսանկյունից դասընթացը շատ օգտակար էր։ Դասընթացը շատ ակադեմիական էր կառուցված։ Կարծում եմ, որ շատ դեպքերում այն, ինչ շատ հաճախ անում էինք ինտուիտիվ և ոչ հաշվարկված, այժմ դրա վերաբերյալ ունենք բազային գիտելիքներ»,- ասաց «Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ, ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը։
Եվրոպական բիզնես ասոցիացիայի բիզնեսի զարգացման ղեկավար Գարեգին Գալուստովը նշեց, որ դասընթացի ընթացքում սովորել են կոալցիաներ և ցանցեր կազմելու, դրանց զարգացնելու և հանրային քաղաքականությունների մշակման դաշտում ազդեցիկ լինելու հմտությունները․ «Մեծ հնարավորություններ էր նաև մարզերում գործող կազմակերպությունների հետ կապեր ստեղծելը՝ հետագայում վստահելի գործընկերությունն սկսելու համար»,- ասաց նա։
Կրթական ծրագիրն արդեն իսկ ունի 88 շրջանավարտ։ Նշենք, որ կրթական ծրագիրն իրականացվելու է ընդհանուր առմամբ 120 ՔՀԿ ներկայացուցիչների համար՝ Երևանից և մարզերից։ Կրթական ծրագրի շրջանակներում մասնակիցները ուսուցանվում են հանրային քաղաքականությունների մշակման, հանրային բյուջեների ու քաղաքականությունների մշտադիտարկման, կոալիցիաների կառուցման և ՔՀԿ-կառավարություն կառուցողական երկխոսության թեմաներով:
Նշենք, որ դասընթացը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանաակներում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: