Այսօր՝ փետրվարի 27-ին քաղհասարակության կազմակերպության (ՔՀԿ) ներկայացուցիչների համար կազմակերպված դասընթացին ներկայացվեցին «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը և գործող օրենսդրությամբ առկա կարգավորումները։
Դասընթացը կազմակերպվել էր Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։
Ծրագրի իրավաբան Մերի Հարությունյանը նշեց, որ «Կամավորի մասին» օրինագծի դրական կողմերից մեկն այն է, որ կամավոր աշխատանքների կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման վճարները ներառվում են նվազեցվող եկամուտների ցանկում: Նախագծով կարգավորվում են կամավորների գործուղման մեկնելու հարաբերությունները և գործուղման ծախսերի փոխհատուցումն իրականացվում են աշխատանքային օրենսդրությամբ գործուղման ծախսերի փոխհատուցման համար նախատեսված կարգին համապատասխան:
Սակայն օրինագծով սահմանվում են նաև այնպիսի դրույթներ, որոնք ուժի մեջ մտնելու դեպքում լուրջ մարտահրավեր կդառնան ինստիտուտի արդյունավետ կիրառման համար։ Դրանցից մեկն այն է, որ կազմակերպությունը կարող է կամավորներ ներգրավել իր աշխատողների թվի մինչև 5 տոկոս հարաբերակցությամբ: Այսինքն, կազմակերպության աշխատակիցները պետք է առնվազն 20-ը լինեն, որպեսզի կարողանա մեկ կամավոր ներգրավել։
«Օրինագիծը կատարյալ չէ, կան մի շարք բացեր ու խնդրահարույց հարցեր, և կարևոր էր դրանց վերաբերյալ տեղեկություն ստանալը։ Մեր կազմակերպությանը հետաքրքրող տեղեկությունները ես ստացա»,- ասաց «Փրկենք երեխաներին» ՀԿ կադրերի բաժնի պատասխանատու Աննա Խաչատուրյանը։
Միջազգային և տեղացի կամավորների հետ մշտապես աշխատող, Երևանում կանանց միջազգային միավորման փոխնախագահ Արմենուհի Սարգսյանը նույնպես կարևորեց նոր օրինագծով նախատեսվող փոփոխությունների մասին իրազեկված լինելը․ այս ոլորտում օրենսդրական մակարդակով կարգավորումներ տալն ընդունելի է, սակայն նախագծում անընդունելի դրույթներ կան։
Նշենք, որ դասընթացի մասնակցել է շուրջ 8 քաղհասարակության ներկայացուցիչ։ Նրանց հիմնական մասը կանայք և երիտասարդ ակտիվիստներ էին։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամաբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: