Վերջերս հասարակական կազմակերպությունների գործունեության իրավակարգավորմանը կոչված օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես` 2017 թ. փետրվարին ընդունվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքը (օրենքը հասանելի է հետևյալ հղմամբ` https://www.arlis.am/documentview.aspx?docid=110802): Ավելին, սույն թվականի հունվարի 16-ին ՀՀ ազգային ժողովում 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին նաև այլ փոփոխություններ։ Վերոնշյալ փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջանում հասարակական կազմակերպությունների կանոնադրությունները համապատասխանեցնել օրենքի պահանջներին։
Այդ իսկ պատճառով Իրավաբանների հայկական ասոցիացիան ապրիլի 20-ին՝ ժամը 10:30-ին, Գեղարքունիքի մարզի հասարակական կազմակերպությունների համար իրականացնում է վերապատրաստման դասընթաց վերջին իրավական փոփոխությունների վերաբերյալ: Դասընթացի շրջանակներում կներկայացվեն նաև ՀԿ-ների գործունեության հաշվետվությունների ներկայացման և պարտադիր աուդիտի իրականացման կարգը։
Դասընթացը կվարի Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։
Դասընթացի ավարտից հետո մասնակից հասարակական կազմակերպությունները հնարավորություն կունենան ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն օրենքի վերաբերյալ անմիջապես դասընթացավարի կողմից, ինչպես նաև աջակցություն կստանան իրենց իրավական փաստաթղթերը գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու համար:
Դասընթացն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրըփ» ՀԿ–ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁհամագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ազդեցությունը հանրային քաղաքականությանմշակման գործընթացում, ինչպես նաև ուժեղացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը՝ ոլորտայինկոալիցիաներ կազմելու, կենտրոնական և տեղական իշխանությունների հետ համագործակցությունը զարգացման համար: Ծրագիրն ունիդրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններինև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը:
Դասընթացը տեղի է ունենալու 2018 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 10:30-ին, Գավառ քաղաքում (հասցեն՝ ք. Գավառ, Բոշնաղյան 56/7):
Հաշվի առնելով տեղերի սահմանափակ լինելը՝ վերոնշյալ դասընթացին հնարավորություն կունենան մասնակցել առաջինը գրանցված 15-20 հասարակական կազմակերպությունները։
Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է կապվել ԻՀԱ Գեղարքունիքի մասնաճյուղի համակարգող Լիանա Մակվեցյանի հետ՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝ (374 264) 25503, 099 86 93 88:
Դիմելու վերջնաժամկետն է ապրիլի 18-ը՝ ժամը 17.00-ը ներառյալ: