Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում դրամաշնորհների տրամադրման առաջին փուլը սկսված է. դրան դիմել կարող են ոչ պետական և ոչ առևտրային քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կոալիցիաները/ցանցերը: Մինչև 25 միլիոն դրամ արժողությամբ դրամաշնորհ ստանալու համար դիմելու վերջնաժամկետը ապրիլի 30-ն է:
Ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն այսօր՝ ապրիլի 13-ին, Երևանում շուրջ 70 ՔՀԿ անդամի ներկայացրեց դրամաշնորհների տրամադրման կարգն ու պայմանները:
Այս ծրագրի շրջանակում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրային մի շարք ոլորտներում առկա խնդիրների լուծման և արդյունքների հասնելու համար հարկավոր են ՔՀԿ-ների համատեղ ջանքերն ու մասնակցությունը, կառավարության հետ կայուն երկխոսությունը և փաստարկված հանրային քաղաքականությունների մշակումը և դրանց ջատագովությունը, ինչպես նաև քաղաքականությունների կիրառման վերաբերյալ մշտադիտարկման անցկացումը։
Այս գործողությունները կարող են իրականացվել ինչպես ստեղծված և գործող ՔՀԿ-ների կոալիցիաների (ցանցերի), այնպես էլ նոր ստեղծվելիք կոալիցիաների (ցանցերի) կողմից: Եվ ծրագրի դրամաշնորհային փուլի նպատակը ծրագրի թիրախային 9 ոլորտում ՔՀԿ-ների կոալիցիաներ (ցանցեր) ստեղծելն է կամ օժանդակելն արդեն գործողներին՝ ապահովելով դրանց ազդեցության մեծացումը հանրային քաղաքականությունների մշակման, ջատագովման և այդ գործընթացներում հանրային մասնակցության ապահովման հարցերում։
Թիրախային 9 ոլորտներն են՝ արդարադատություն (1), մարդու իրավունքներ (2), հանրային ֆինանսների կառավարում (3), բիզնես (4), կրթություն (5), սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում (6), գյուղատնտեսություն (7), տնտեսություն (8), Էներգետիկա (9):
Նախատեսվում է նաև երկրորդ փուլով դրամաշնորհների տրամադրում, որի մեկնարկը կլինի առաջին փուլի իրականացման 6-րդ ամսում։ Այս փուլը ոչ մրցութային է և դրամաշնորհները (մինչև 8,5 միլիոն դրամ) տրամադրվելու են առաջին փուլում հաղթող ճանաչված այն ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին), որոնց կողմից իրականացվող ծրագրերը կգնահատվեն արդյունավետ:
Դրամաշնորհներ ստանալու կարգն ու պայմանները ներկայացնելիս Կարեն Զադոյանը պատասխանեց մեծաքանակ հարցերի, որոնք վերաբերում էին դրամաշնորհ ստանալու ընթացակարգին և դրամաշնորհային ծրագրի իրականացմանը:
Եթե Դուք հետաքրքված եք դիմել դրամաշնորհային այս ծրագրին, ապա մանրամասները կարող եք կարդալ այստեղ։
Սեմինարի մասնակիցների ցանկը կարող ենք ծանոթանալ այստեղ։