«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, ապրիլի 17-ին, Գյումրիում ՔՀԿ 29 ներկայացուցիներին քաղհասարակության կոալիցիաների (ցանցերի) համար հանրային քաղաքականությունների բարելավման և մշտադիտարկման համար նախատեսված ենթադրամաշնորհներին դիմելու համար պայմաններն են ներկայացրել ծրագրի մենթորների խմբի համակարգող և արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանը և ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը։
Դրամաշնորհները տրամադրվելու են ծրագրի թիրախ ընտրված 9 ոլորտների՝
- արդարադատության,
- մարդու իրավունքների,
- հանրային ֆինանսների կառավարման,
- բիզնեսի,
- կրթության,
- սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման,
- գյուղատնտեսության,
- տնտեսության,
- էներգետիկայի
ոլորտներում գործունեություն ծավալելու համար ստեղծել ՔՀԿ-ների կոալիցիաներ (ցանցեր) կամ էլ օժանդակել արդեն իսկ գործող ՔՀԿ-ների կոալիցիաներին և ապահովել դրանց ազդեցության մեծացումը նշված ոլորտների հանրային քաղաքականությունների մշակման գործընթացներում հանրային մասնակցության ապահովման վրա։
Ծրագրի ներկայացուցիչների խոսքով կազմակերպությունները կարող են կոալիցիաներ կազմել սկսած 4 կառույցներից, որոնցից մեկը պետք է նախապես մասնակցած լինի ծրագրի շրջանակներում կազմակերպված և Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացված ՔՀԿ-ների կարողությունների զարգացման 5-օրյա դասընթացին:
Հավելենք, որ այս դրամաշնորհների մասին ՔՀԿ-ներին իրազեկելու նպատակով ծրագրի կողմից այցեր են կազմակերպվում Հայաստանի տարբեր քաղաքներ:
Նշենք, որ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը՝ ղեկավար կազմակերպությունը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ հանդիսացող իր գործընկերների՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրըլ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը նպատակ ունի՝ ամրապնդելու քաղաքացիական հասարակության ձայնը և երկխոսությունը կառավարության հետ: Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ: