Այսօր՝ ապրիլի 23-ին, Գյումրիում կայացել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում ընտրված քաղհասարակության ինկուբատորների խմբի դասընթացը՝ «Մարդու իրավունքներ. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը. Պաշտպանի իրավասությունները, վճռաբեկ և սահմանադրական դատարաններ օժանդակ դիրքորոշում (amicus curiae) ներկայացնելու նոր իրավասությունը նախատեսող օրենքի նախագիծը» թեմայով:
Դասընթացն անց է կացրել «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, ծրագրի մենթորների խմբի համակարգող, արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանը։
Նա ներկայացրեց, որ ավելի քան 50 երկրում գործում է օմբուդսմենի ինստիտուտը և յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե քանի նման կառույց կարող է գործել իր երկրում և ինչ գործառույթներ ունենալ։ Մարատ Ատովմյանը նաև ներկայացրեց միջազգային փորձը՝ բերելով Շվեդիայի օրինակը։
«2016 թվականին Հայաստանում ընդունվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը, որով մի շարք նորամուծություններ է մտցվել այս ինտիտուտում»,-նշեց Մարատ Ատովմյանը՝ ներկայացնելով օրենքում առկա դրույթները։
Նշենք, որ ՔՀԿ-ների ինկուբատորները անցկացվելու են երկու փուլով հետևյալ հինգ քաղաքներում․ Երևան, Գյումրի, Վանաձոր, Գավառ և Կապան։ Յուրաքանչյուր փուլին, ընդհանուր առմամբ, մասնակցելու են 36 ՔՀԿ-ներ, որոնք ընտրվելու են Հայաստանում Ամերիկյան Համալսարանի կողմից կազմակերպված ուսուցումն ավարտած ՔՀԿ-ների շարքից։ ՔՀԿ-ների ինկուբատորները ավարտելուց հետո մրցութային հիմունքներով տրամադրվելու են ընդհանուր թվով 33 դրամաշնորհներ, յուրաքանչյուր փուլի համար նախատեսելով 16-17 դրամաշնորհ։
Դասընթացն անցկացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործարկվող «Կառուցողական երկխոսությանհանձնառություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրըփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: