Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այսօր՝ մայիսի 18-ին, տեղի ունեցավ «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով աշխատաժողովը:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր ողջույնի խոսքում հայտարարեց, որ այսուհետև կոռուպցիայի դեմ պայքարը թևակոխում է նոր՝ առավել թիրախավորված, վճռական փուլ: Նա կարևորեց օրենսդրական և ինստիտուցիոնալ կառուցակարգերի ստեղծումը.
«Կառավարությունը նախատեսում է առաջիկայում ստեղծել անհրաժեշտ երաշխիքներով և գործիքակազմով օժտված հակակոռուպցիոն մարմին, որն իրավաասու է լինելու իրականացնել կանխարգելիչ, կրթական, օպերատիվ-հետախուզական և քննչական գործառտույթներ: Կուզեի շեշտել, որ ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները մարմնի լիարժեք անկախությունն ապահովելու նպատակով»,- ասաց արդարադատության նախարարը:
Ծրագրի ղեկավար, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը նշեց, որ հակակոռուպցիոն պայքարը տարիների պատմություն ունի և հատկապես վերջին տարիներին այդ պայքարի արդյունքում և կոալիցիայի առաջարկությամբ ընդունվել են մի շարք օրենսդրական դրույթներ, որոնց շնորհիվ կոռուպցիայի դեմ պայքարելու լուրջ գործիքակազմ է ստեղծվել:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Թևան Պողոսյանի խոսքով՝ ներկայումս «բացվել է այն դուռը», որպեսզի հասարակությունը գիտակցի, որ անհանդուրժելի է կոռուպցիան և հպարտանալու արժեք է այն, երբ ինչ-որ բանի հասնում ես ինքնուրույն՝ սեփական գիտելիքներով ու հմտություններով:
Աշխատաժողովի ընթացքում ելույթներ ու քննարկումներ եղան Հայաստանում ներդրված ապօրինի հարստացման քրեականացման և ազդարարման ինստիտուտների, հակակոռուպցիոն պայքարում ակտիվների վերականգման ինստիտուտ ներդնելու և դրա հնարավորությունների, հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մարմին ստեղծելու անհրաժեշտության, բիզնեսի և քաղաքականության տարանջատման, ազատ տնտեսական մրցակցության ապահովման, մենաշնորհների դեմ պայքարի և իրական սեփականտերերի բացահայտման ինստիտուտի ստեղծման անհրաժեշտության մասին:
Միջոցառման սկզբնամասում Կարեն Զադոյանը և Թևան Պողոսյանը պատասխանեցին նաև ներկա լրագրողներին հարցերին:
Աշխատաժողովի ժամանակ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը ներկայացրել է Հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մարմնի ստեղծման անհրաժեշտությունը Հայաստանում» թեմայով։ Ազդարարման համակարգի իրականացման խնդիրները և դրանց լուծումները» թեմայով ելույթ ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը։
միջոցառմանը ներկա էր նաև ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը, ով ներկայացրեց Հայաստանում բիզնեսի և քաղաքականության տարանջատման, ազատ տնտեսական մրցակցության ապահովման խնդիրները, իսկ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանն անդրադարձավ իրական սեփականատերերի ներդրման հնարավորությունը ազատ տնտեսական մրցակցության ոլորտում և մենաշնորհների դեմ պայքարի առաջնային ուղղություններին։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրավաբան-փորձագետներ Տիգրան Դանիելյանը և Նարեկ Ենոքյանը աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրին ընտրական գործընթացներում և քաղաքական կուսակցությունների կարգավորման ոլորտում առկա կոռուպցիոն խնդիրները և փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը։
Նշենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրըփ» ՀԿ–ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: