Հայաստանի ամերիկյան համալսարանում շարունակվում են Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված քաղհասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացմանն ուղղված հավաստագրային ծրագրի խորացված դասընթացները։
«Ընտանիք և համայնք» ՀԿ նախագահ Քնարիկ Գարանֆիլյանի խոսքով դասընթացները մեծ արդյուանվետություն են տալիս կազմակերպություններին, քանի որ և՛ շահերի պաշտպանության ոլորտում, և՛ քաղաքականությունների մշակման ոլորտում նոր գիտելիքներ են ստացել։ «Սրանք շատ կարևոր են մեզ համար, որովհետև աշխատանքի բերումով անհրաժեշտություն է առաջանում ազդել քաղաքականության վրա կամ իրականացնել շահերի պաշտպանություն։ Ինձ համար բավականին հետաքրիքր էր»,-նշեց Քնարիկ Գարանֆիլյանը։
Լիա Զորյանը, ով ներկայացնում էր «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպությունը և նմանատիպ դասընթացի առաջին անգամ էր մասնակցում, մեզ հետ զրույցում նշեց, որ դասախոսներն այս օրերի ընթացքում փորձում են իրենց փոխանցել հնարավորինս շատ և նոր հմտություններ։
«Դասընթացը շատ հետաքրքիր է այն իմաստով, որ պրակտիկ մասը մաքսիմալացված է, իսկ տեսական մասը՝ նվազագույնն է։ Մեզ կոնկրետ գործիքներն են ցույց տալիս, և պրակտիկայում, տեղում էլ կիրառում ենք, որպեսզի հետ վերադառնալով աշխատավայր, կարողանանք դրան օգտագործել ու ավելի օպերատիվ ու էֆեկտիվ աշխատել»,-ասաց Լիա Զորյանը։
Նշենք, որ դասընթացը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանաակներում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: