
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, հուլիսի 18-ին Գավառի քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորի ներկայացուցիչների համար ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը դասախոսություն է կարդացել «ՔՀԿ-ների կողմից Եվրոպական միությունից ֆինանսական միջոցների հայթայթում» թեմայով:
Նա ներկայացրեց դրամաշնորհային ծրագրերին դիմելու հետ կապված իր ունեցած փորձը: Նշեց, թե ինչպիսի ծրագրեր կան, ինչպես պետք է կողմնորոշվել, թե այս կամ այն ծրագիրը որքանով է հարմար դիմելու համար։ Քարլ Ուլբրիխտը ներկայացրեց նաև ԵՄ և այլ հնարավոր կայքերը, որոնցում տեղադրվում են դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ հայտարարություններ, նշվեց այդ կայքերից օգտվելու, Հայաստանի համար հայտարարված դրամաշնորհները գտնելու, դրանց դիմելու կարգը:
Նրա խոսքով տարբեր դրամաշնորհներին դիմելու համար շատ կարևոր է անգլերեն լեզվի իմացությունը, ինչպեսև, մինչ դրամաշնորհին դիմելը կայքում տեղադրված ուղեցույցին, ծրագրի գնահատման սկզբունքներին ծանոթանալը, ծրագիրը առաջին փուլում հակիրճ, բայց բովանդակալից ներկայացնելը (concept note), դիմող կազմակերպության ֆինանսական պատմություն ունենալը, ծրագրի արդիական և նորարարական գաղափարներով հագեցված լինելը:
Մասնակիցները փորձեցին մեկ օրինակի վրա ծանոթանալ ծրագրի հիմնական բաժիններին, դրանց փոխկապակցված լինելուն, վերնագիրը, նպատակները ճիշտ ձևակերպելուն: Խոսվեց բոլոր գործողությունները և դրանց ֆինանսական տողերը ճիշտ նախատեսելու/հաշվարկելու և տրամաբանական կառուցվածքը ճիշտ ներկայացնելու վերաբերյալ: