Commitment to Constructive Dialogue

«Արհեստակցական միությունների ներկա վիճակ, զարգացման հեռանկարներ». Կառավարություն-Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ երկխոսության համաժողով

2018 թ. հուլիսի 31-ին՝ ժամը 10:00-16:30, «Էրեբունի Պլազա»-ի «Էրեբունի» և «Ուրարտու» սրահներում կանցկացվի  իր տեսակով առաջին Կառավարություն-Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ երկխոսության համաժողովը՝ «Արհեստակցական միությունների ներկա վիճակ, զարգացման հեռանկարներ» խորագրով: Համաժողովը բաղկացած կլինի բացման հատվածից, որին կհաջորդի չորս պանելային քննարկում հետևյալ թեմաներով՝ «Արհմիութենական շարժումը Հայաստանի Հանրապետությունում. պատմությունը, ներկա վիճակը և զարգացման հեռանկարներ»; «ՀՀ աշխատանքային օրենսդրության համապատասխանությունը Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կոնվենցիաներին»; «Սոցիալական գործընկերության զարգացման հեռանկարները Հայաստանում»; «Սոցիալ-աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմները Հայաստանում»: 

Միջոցառումը կազմակերպվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հետ համատեղ: 

Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի, ՀՀ կառավարության, բիզնեսի, միջազգային կազմակերպությունների և տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով:

Ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին։ Ծրագրի տևողությունը 34 ամիս է: Ծրագրի բյուջեն կազմում է 2.222.256 եվրո, որի 2.000.000 եվրոն տրամադրում է Եվրոպական միությունը: 

Ծրագրի թիրախ 9 ոլորտներն են․
1. Հանրային ֆինանսների կառավարում
2. Մարդու իրավունքներ 
3. Արդարադատություն
4. Բիզնես
5. Կրթություն
6. Գյուղատնտեսություն
7. Տնտեսություն
8. Էներգետիկա 
9. Սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում 

Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ:

Ծրագրի շրջանակներում 9 թիրախային ոլորտներում գործունեություն ծավալող ՔՀԿ-ների համար ուսուցումներ են կազմակերպվելու հետևյալ թեմաներով՝ պետական բյուջեի հատկացումների և քաղաքականությունների իրականացման մշտադիտարկում, հանրային քաղաքականությունների մշակման համար կարևորագույն խնդիրների հատկորոշում, ըստ դրանց՝ հանրային քաղաքականությունների վերլուծություն և մշակում, կոալիցիաների կառուցում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցություն կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ:

Այնուհետև, պետական լիազոր մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ուժերով համատեղ վեր են հանվելու 9 թիրախային ոլորտներում առկա խնդիրները, որոնց վերաբերյալ Կառավարություն-ՔՀԿ կառուցողական երկխոսության ձևաչափով մշակվելու են վերհանված խնդիրների լուծմանն ուղղված հանրային քաղաքականություններ: