Այսօր` հուլիսի 19-ին, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը, իր գործընկերների՝ «Աստղացոլք», «Ընդդեմ իրավական կամայականության», «Ընտանիք և համայնք» ՀԿ-ների հետ համատեղ, կազմակերպեց քննարկում՝ «Հասարակական սեկտորի դերը պրոբացիայի կայացման գործում» խորագրով:
Քննարկմանը ելույթ ունեցավ նաև Պրոբացիայի Պետական Ծառայության պետ Արսեն Նավասարդյանը: Վերջինս խոսեց պրոբացիայի ինստիտուտի կայացման և առկա բացերի մասին, խրախուսեց պրոակտիվ համագործակցությունը։ Պարոն Նավասարդյանը հորդորեց քննարկումների արդյունքում ծագած մտքերն առաջարկությունների փաթեթի տեսքով, ներկայացնել համապատասխան պետական մարմիններին։
Քննարկումներն ամփոփելով՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանը խոսեց լուծումների մասին: Նա, մասնավորապես, ասեց. «Պրոբացիայի էֆեկտիվության տեսանկյունից առավել նպատակահարմար է համայնքահեն սոցիալական ծառայությունների ինտեգրումը, պրոբացիայի շահառուին մասնագիտական հանրօգուտ աշխատանք իրականցնելու հնարավորություն ընձեռելը, ինչպես նաև պրոբացիայի ծառայությանն անհրաժեշտ գործիքակազմով զինելը, մասնավորապես վաղաժամկետ ազատման գործընթացը հստակեցնելու նպատակով»։
«Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագիրը իրականացնում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը` իր գործընկերներ «Աստղացոլք» ՀԿ-ի, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի հետ համատեղ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված դրամաշնորհների շրջանակում:
Ծրագրի բյուջեն կազմում է 25 միլիոն ՀՀ դրամ, որից 22,5 միլիոն դրամը տրամադրվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից: Ծրագրի տևողությունն է` 2018թ. հունիսի 1-ից մինչև 2019թ. մայիսի 31-ը:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆիանսավորվում է Եվրոպական միության կողմից: