Օգոստոսի 14-ին «Արմավիր զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Նաիրա Առաքելյանը հանդիպում ունեցավ կրթության և գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանի հետ:
«Արմավիր զարգացման կենտրոն» ՀԿ-ն ՔՀԿ-ների կոալիցիաների (ցանցերի) համար հանրային քաղաքականությունների բարելավման, ջատագովության և մշտադիտարկման ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացնող կազմակերպություններից է: Իսկ այս ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ֆինանսավորմամբ:
Հանդիպմանը ներկա էր նաև «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փորձագետ Լուսինե Նալբանդյանը:
«Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագրի շրջանակներում Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի հիմնական դիմող «Արմավիր զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Նաիրա Առաքելյանը ներկայացրեց ծրագրի թիրախային ոլորտները և դրանց խնդիրները, ծրագրի տևողությունը, մարզերը, որտեղ իրականացվելու են:
Հանդիպման ժամանակ Նաիրա Առաքելյանը ներկայացրեց, որ պլանավորում են իրականացնել մասնակցային մոնիտորինգ չորս մարզերում՝ վերհանելու կարևորագույն հարցերի պատասխաններ, ինչպիսիք են՝ սոցիալական մանկավարժների, հոգեբանների աշխատանքների արդյունավետ իրականացումը, երեխաների ներառելիության մակարդակը հանրակրթական դպրոցներում, նրանց կարիքների վեաբերյալ գնահատման իրականացում, ծնողական համայնքների հետ աշխատանքների իրականացումը և այլն:
Տիկին Նաիրա Առաքելյանը նշեց, որ իր թիմով, կենտրոնացնելով իր բոլոր ռեսուրսները, պատրաստվում են մտնել յուրաքանչյուր դպրոց, խոսեն մանկավարժական անձնակազմի հետ, հանդիպումներ ունենան ծնողների հետ՝ իրենց ներկայացնելու հատուկ դպրոցներից կրթության տեղափոխման անհրաժեշտությունը հանրակրթական դպրոցների դաշտ, ինչպես նաև վերհանելու հնարավոր առաջացող խնդիրները:
Նա հավելեց նաև, որ պատրաստվում են վերլուծություններ իրականացնել, որոնք այս անցումային շրջանում շատ կարևոր կլինեն ԿԳՆ-ի համար ևս:
ԿԳՆ փոխնախարար Լուսինե Առաքելյանը նշեց, որ ԿԳՆ-ն ունի քաղաքականություն՝ համագործակցելու և պատվիրակելու կոնկրետ ՀԿ-ի մարզեր, որտեղ պետք է տարվեն բոլոր աշխատողները:
Համաձայնություն ձեռք բերվեց, որ Նաիրա Առաքելյանը ևս մասնակցի օգոստոսի 17-ին Վաղարշապատում կայանալիք հատուկ կարիքներով երեխաների ծնողների հետ հանդիպմանը, որտեղ էլ արդեն կխոսեն հետագա անելիքների մասին: