Commitment to Constructive Dialogue

Անհատական խորհրդատվություններ ՔՀԿ ինկուբատորների մասնակիցների հետ

Օգոստոսի 23-ին և 24-ին Երևանում  Եվրամիության կողմից ֆինանսավորվող   «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում գործարկվող ՔՀԿ-ների ինկուբատորների մասնակից 5 ՀԿ-ների համար իրականացվեցին անհատական խորհրդատվություններ:  

Խորհրդատվությունները տրամադրում էր ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։ Հանդիպումներին ներկա էին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կոնսորցիումի անդամ «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի նախագահ Խաչիկ Գևորգյանը, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Գասպարյանը, ծրագրի մենթորների համակարգող Մարատ Ատովմյանը և ծրագրի իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանը:

Անհատական խորհրդատվությունների նպատակն էր աջակցել ինկուբատորին մասնակից ՔՀԿ-ներին մշակել իրենց կազմակերպությունների հանրային քաղաքականությունների մոնիտորինգային և բարելավման ծրագրերը (պլանները): Այնուհետև հիմնվելով այդ ծրագրի վրա` ընտրել այն հանրային քաղաքականությունը, որը ունի մոնիտորինգի և բարելավման կարիք` «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ՔՀԿ-երին տրամադրվելիք փոքր դրամաշնորհների ծրագրի մրցույթին դրամաշնորհային առաջարկով մասնակցելու համար:

Այսպես, օգոստոսի 23-ին հանդիպում տեղի ունեցավ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ի ներկայացուցիչ Աիդա Ստեփանյանի հետ, իսկ օգոստոսի 24-ին՝ «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ի ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանի հետ, և «Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ-ի նախագահ Կարեն Մխոյանի հետ, «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Եվա Չիչոյանի հետ, ինչպես նաև «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Աննա Գալստյանի հետ:

Կարեն Զադոյանն իր խոսքում նշեց, որ տրվելու են փոքր դրամաշնորհներ Երևանոմ ու մարզերում գործող 33 ՔՀԿ-երի՝ առաջնորդվելով ներկայացված ծրագրի ամբողջականությամբ, ներկայացված խնդիրների առաջնայնությամբ և ոլորտի թիրախային լինելուց:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: