Օգոստոսի 17-ին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի հետ: Հանդիպմանը ներկա էին կոալիցիաներին տրվող ենթադրամաշնորհների շրջանակներում իրականացվող «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» և «Մարդու իրավունքներ, մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագրերի ներկայացուցիչները: Առաջինի ղեկավար Նաիրա Առաքելյանը, ով հանդիսանում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահը, ներկայացրեց ծրագիրը և դրա շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությունից ակնկալվող աջակցությունը: Երկրորդ ծրագրի կոալիցիայի անդամ, «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանն իր հերթին ներկայացրեց իրենց ծրագրի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար պատրաստված գործիքը՝ միաժամանակ փոխնախարարին ուղղելով իրեն հուզող հարցերը: Փոխնախարարը պատասխանեց բոլոր հարցերին և պատրաստակամություն հայտնեց՝ աջակցելու ծրագրի շրջանակներում ոլորտային խնդիրների լուծմանը:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: