Այսօր՝ սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար հանձնաժողովի առաջին նիստը:
Նիստին ներկա էին ծրագրային կոնսորցիումի անդամները, ծրագրի ղեկավար հանձնաժողովի անդամները, ծրագրի ղեկավար հանձնաժողովի դիտորդները` ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհառու կոալիցիաների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային օգնության/համագործակցության պաշտոնյա Պաուլիոս Ստրելսիունասը։
Պաուլիոս Ստրելսիունասի խոսքով, ղեկավար հանձանժողովի առաջին նիստը հիանալի հնարավորություն է՝ տեսնելու, թե ինչ առաջադիմություն է ունեցել ծրագիրը, ինչ խնդիրների է առնչվել, ինչպեսև նիստի ընթացքում կարելի է ապագայի համար ինչ-որ ուղեցույցներ գտնել։ «Անկեղծ ասած, երբ մենք ստորագրեցինք այս դրամաշնորհը՝ մեծ հույսեր ու ակնկալիքներ ունեինք, իսկ ապրիլյան իրադարձություններից հետո մենք այս ծրագրից ավելի մեծ ակնկալիքներ ունենք։ Վերջին երկու ամիսների ընթացքում տեսնում ենք, որ գործը մեծ թափ է հավաքել, միաժամանակ գտնում ենք, որ կատարելագործման համար միշտ էլ տեղ կա»,-նշեց նա։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի տեղական ինքնակառավարման հարցերի համակարգող, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը կարևորեց ղեկավար հանձնաժողովի նիստը, քանի որ կարևոր է գործընկերների ներգրավվածությունը և ժամանակ առ ժամանակ արդյունքները վերլուծելը, ծրագրի հաջողությունները։ «Այս ընթացքում իրականացված գործողություններից պետք է անձամբ իմ գոհունակությունը հայտնեմ, որովհետև ծրագիրը հավելյալ արժեքներ է ստեղծում և բավականին մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի։ Կարելի է ասել, որ այն իր թիրախներով, գործողություններով ու նպատակներով բավականին պահանջված էր»,-ասաց Էմին Երիցյանը։
Կարեն Զադոյանը, ով «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավարն է և Իրավաբանների հայկական ասոցիացայի նախագահը, ներկայացրեց ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները՝ նշելով, որ այն մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին, որը տևելու է 34 ամիս, ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 2 միլիոն 222 հազար եվրո, որից 2 միլիոն եվրոն ֆինանսավորվելու է Եվրամիության կողմից։ «Ծրագրի հիմանկան նպատակներն են մեծացնել քաղհասարկության կազմակերպությունների ազդեցությունը Հայաստանում հանրային քաղաքականությունների բարելավման, մշտադիտարկման, փոփոխությունների մշակման գործում։ Առանձին նպատակներն են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացումը 4 ոլորտներում՝ փաստարկված հանրային քաղաքականությունների մշակում, կոալիցիաների կառուցում, հանրային վերահսկողության իրականացում և կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ կառուցողական և կայուն երկխոսության կառուցումն ու զարգացումը»,-ասաց Կարեն Զադոյանը։
Նա նաև նշեց 2016 թ. դեկտեմբերի 15-ից մինչև 2018 թ-ի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում գրանցած ծրագրային նվաճումները։ Խոսվեց նաև թիրախային ոլորտների, ՔՀԿ ինկուբատորների գործարկման փորձի, ինչպեսև ենթադրամաշնորհների տրամադրման գործընթացի ու հետագա գործողությունների մասին։
Նիստի մասնակիցները հարցուպատասխանի միջոցով քննարկեցին իրենց հուզող հարցերն ու ներկայցրին առաջարկները։
Նշենք նաև, որ ծրագրի ղեկավար հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2019 թվականի մարտի 20-ին:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։